Հասարակական

էքստրիմի և սուր զգացողությունների տեղատարափ «Yell Extreme Park»-ում. «Ապագա Փրոջեքթս»-ն ընդլայնում է հնարավորությունները

6 րոպեի ընթերցում

էքստրիմի և սուր զգացողությունների տեղատարափ «Yell Extreme Park»-ում. «Ապագա Փրոջեքթս»-ն ընդլայնում է հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակտիվ և պասիվ հանգիստը մեկտեղել մեկ վայրում. կատարյալ հանգիստ կարելի է անցկացնել «Ապագա ռեզորթ»-ի տավուշյան գեղեցիկ տեսարանով սենյակներում, որտեղ առաջարկվում է խոհանոցային յուրահատուկ և ազգային ուտեստների լայն ընտրանի, դե իսկ էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է էքստրիմի, ադրենալինի և սուր զգացողությունների տեղատարափ «Yell Extreme Park»-ում, որը գտնվում է Տավուշի մարզի Ենոքավան գյուղում։

Ակտիվ հանգստի սիրահարները հնարավորություն ունեն «Յելլ էքստրիմ Պարկ»-ում օգտվել էքստրեմալ սպորտի տարբեր տեսակներից՝ զիփլայն (ZipLine), պարագլայդինգ (Paragliding), Ռոփ պարկ (Rope Park), քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկություն (Off-road), ձիով արշավներ (Horseback Riding), որը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին և տեղացիներին ծանոթանալ Հայաստանի արկածային և էքստրեմալ զբոսաշրջության առանձնահատկություններին և վայելել տեսադաշտում բացվող Տավուշի հրաշք բնությունը:

Բայց սա դեռ ամենը չէ. «Ապագա Փրոջեքթս»-ը չի սահմանափակվում եղածով և շարունակում է ընդլայնել գործունեությունը: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի` ԱՆԻՖ-ի և «Ապագա Փրոջեքթս» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի շրջանակներում «Յելլ Էքստրիմ Պարկ»-ի և «Ապագա Ռեզորթ»-ի տարածքում շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և բոլոր նոր ծառայությունները շուտով հասանելի կլինեն հանրությանը։

«Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրեն Տիգրան Չիբուխչյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը հավակնում է դառնալ էքստրեմալ տուրիզմի տարածաշրջանային կենտրոն, և «Յելլ Էքստրիմ պարկ»-ում այժմ կառուցվում է մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայն, իսկ «Ապագա ռեզորթ»-ում ընդլայնվում է հյուրանոցային ֆոնդը, այդ թվում՝ նոր խոհանոցը: Նա ընդգծեց, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կառուցվող, աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մետր երկարություն և 200-300մ բարձրություն: Զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ: Այն շահագործման կհանձնվի մինչև 2022 թվականի վերջ:

«Այս փուլում կենտրոնացած ենք ռեստորանային համալիրի և զիփլայնի կառուցման վրա: Մենք նաև արդիականացնում ենք տարածքի ենթակառուցվածքը: Այս փուլը ավարտելուց հետո ունենք հետագա զարգացման նոր նախագծեր: 2017 թվականից փորձում ենք կյանքի կոչել ամենաերկար` մոտ 2.5 կիլոմետր զիփլայնը, որը տեխնիկապես և ինժեներական տեսանկյունից իրոք շատ բարդ կառույց է, և դա է պատճառներից մեկը, որ այն այսքան ձգձգվեց: «Յելլ Էքստրիմ պարկ»-ում նախատեսում ենք նաև ընդլայնել երեխաների համար նախատեսված ծառայությունները, այս հարցում մի փոքր բաց ունենք, պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Չիբուխչյանը ընդգծեց, որ իրենց ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի հյուրերը իրենց լավ զգան, սիրահարվեն Ենոքավանին ու մտածեն նորից վերադառնալու մասին՝ իրենց հետ բերելով նոր զբոսաշրջիկների:

Անդրադառնալով ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի իրականացրած 1,6 մլն ԱՄՆ դոլարի բաժնեմասային ներդրման իրականացմանը «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում՝ Տիգրան Չիբուխչյանը ընդգծեց, որ սա պետական և մասնավոր ոլորտի միջև արդյունավետ համագործակցության լավագույն օրինակն է, որը բիզնես տեսլականին զուգահեռ, ունի սոցիալական մեծ նշանակություն: «Այն ուղղված է գյուղական համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը։ Մեր բոլոր նախաձեռնություններն աչքի են ընկել խիզախությամբ և նորարարությամբ։ Այդպես էլ շարունակելու ենք»,- եզրափակեց «Ապագա Փրոջեքթս» ընկերության տնօրենը:

«Ձեռնարկատեր+պետություն» ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանի խոսքով պետական միջոցների ներդրման ամենաարդյունավետ ձևերից մեկը հաջողված և շահութաբեր բիզնես ծրագրերում ներդրումներ անելն է։ «Վստահ ենք, որ «Ապագա Փրոջեքս»-ում մեր ներդրումները ոչ միայն նպաստելու են այս՝ արդեն կայացած բրենդի զարգացմանը, ոչ միայն ստեղծելու են նոր աշխատատեղեր, այլեւ զգալի դեր են ունենալու ավելի գլոբալ թիրախների՝ տուրիզմի ոլորտի արդիականացման եւ զարգացման ուղղությամբ։ Հենց նման ծրագրերի խթանումն է ֆոնդի նպատակներից մեկը»,-ասաց նա։

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն ներդրումների կառավարիչ» ընկերության ներդրումային ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով տեղական բիզնեսի զարգացման խթանումը։ Ֆոնդը ներդրումներ է իրականացնում տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ֆոնդի կողմից ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը, որոնք համապատասխանում են ֆոնդի չափանիշներին: Ֆոնդի մասնակցությունը 25% – 49% է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5 – 4մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Հեղինակ՝ Գայանե Գաբոյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում