1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրեբունի ամրոցը Հայաստանի բրենդներից մեկն է. հայ-ֆրանսիական արշավախումբն ամփոփել է ամրոցում պեղումների արդյունքները

Էրեբունի ամրոցը Հայաստանի բրենդներից մեկն է. հայ-ֆրանսիական արշավախումբն 
ամփոփել է ամրոցում պեղումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի ամրոցի միջնաբերդում ամփոփվեց 2008 թվականից ամրոցի տարածքում իրականացվող պեղումների 1 տարվա արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանի միջնաբերդում արշավախումբը հյուրընկալեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին` ներկայացնելով իրականացված պեղումների արդյունքները և արգելոց-թանգարանի հետ համագործակցության հեռանկարները:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի խոսքով՝ հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում կենտրոնացած է բերդի մոնումենտալ կենտրոնի՝ ուրարտական տաճարների  և մեծ սյունասրահի վրա:

«2021թ․ պեղումների ընթացքում շարունակվեց Իուբսայի տաճարի հրապարակի ուսումնասիրությունը, որը հնարավորություն տվեց պատկերացում կազմել մ.թ.ա. 8-րդ կամ 7-րդ դարի սկզբում դրա վիճակի մասին: Մեր կարևորագույն խնդիրներից էր փորձել հստակեցնել անցումային շրջանները՝ ուրարտական ժամանակաշրջանի ավարտից մինչև Աքեմենյան շրջանի ստեղծման միջև, այն հետուրարտական շրջանն է, որի ժամանակ ստեղծվել է Երվանդունիների հայկական թագավորությունը: Քիչ ուսումնասիրված ու կարևորագույն շրջան մեզ համար» ,- ասաց տնօրենը:

Միքայել Բադալյանն ընդգծեց, որ արդեն երկրորդ տարին է,  ինչ հայկական կողմի բյուջեն, եթե ոչ ավել, ապա հաստատ հավասար է  ֆրանսիական կողմի բյուջեին, ինչպես նաև այժմ աշխատանքներին մասնակցում են հայ հնագետներ, ինչը չափազանց կարևոր է:

«Մենք կամաց-կամաց պետք է իրականացնենք Էրեբունի ամրոցի վերաարժևորումը, որովհետև այն Հայաստանի դեմքն ու կարևորագույն բրենդներից մեկն է: Որպես հնագետ ասեմ, որ շատ լավ է հուշարձանը պեղելը, բայց ինչ-որ մի ժամանակ պետք է կանգ առնել: Մեր ֆրանսիացի գործընկերների հետ մենք պետք է հասկանանք, երբ ենք մենք կանգ առնում, որպեսզի կարողանանք վերականգնել և պահպանել այն, ինչը կա, քանի որ պեղելուց բացի մենք նաև պետք է տեր լինենք և հոգանք պեղածի մասին»,-ասաց Միքայել Բադալյանը:

Նա ընդգծեց, որ և՛ իրենց, և՛ ֆրանսիացի հնագետների համար Էրեբունի թանգարանում պեղումներ իրականացնելը երազանք էր, քանի որ Էրեբունիում ամեն մեկը չէր կարող պեղումներ իրականացնել: Առհասարակ Էրեբունի թանգարանը Հայաստանի համար անփոխարինելի գանձ է, որը պետք է ամեն գնով պահպանել: Ծրագիրը այս տարի ավարտվում է, իսկ մյուս տարի  պետք է դեռ հասկանան, թե՞ ինչ ֆորմատով են ուզում աշխատանքները շարունակել. կսկսե՞ն պեղումները, թե՞ կանգ կառնեն և կսկսեն վերականգնման և պահպանման աշխատանքները:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն նշեց, որ ֆրանսիական հնագիտական արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամը հայ և ֆրանսիացի գործընկերների, ուսանողների հետ միասին աշխատում է այս հնավայրում երկար տարիներ շարունակ՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ:

«Կարծում եմ այս համագործակցությունը թույլ է տալիս ճիշտ պատկերացնել հնավայրը և հասկանալ նրա բարդությունը: Սա առիթ է նաև համատեղել հայկական և ֆրանսիական տարբեր աշխատելաոճերը գիտական և հետազոտական ոլորտներում»,-ասաց դեսպանը:

Ֆրանսիացի պրոֆեսոր Ստեֆան Դեշամը ներկայացրեց, որ այստեղ  են մի կողմից հայ հնագետ գործընկերների հետ գիտական համագործակցություն ծավալելու և գիտական փոխանակումներ ունենալու, մյուս կողմից Էրեբունի ամրոցի ողջ պատմությունը ուսումնասիրելու համար:  Նա նշել է, որ այստեղ  պեղումներ են իրականացվել դեռևս 1950-60 թթ-ին,  սակայն ամրոցի պատմությունը դեռ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները փորձում են գտնել հնագիտական պեղումների միջոցով:

«Մեզ համար կարևոր է հասկանալ Ուրարտական թագավորությունից Աքեմենյան թագավորություն անցման այս կարևոր ժամանակաշրջանը: Գործնականում ունենք գրեթե մեկ դար, որի մասին տեղեկություն չունենք, և որը կարող է համապատասխանել առաջին հայկական թագավորության ստեղծմանը, եթե հենվենք, օրինակ, Մովսես Խորենացու վարկածի վրա»,-եզրափակեց հնագետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]