Հասարակական

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն ահռելի մեծ ծավալների է հասել. Ոստիկանության պետի տեղակալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն ահռելի մեծ ծավալների է հասել. Ոստիկանության պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ արտահերթ նիստում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,-ասաց Ֆիդանյանը:

Հիմնավորելով արտահերթ նիստում հարցի քննարկման հրատապությունը՝ նա ասաց. «Բոլորին քաջ հայտնի պատճառներից ելնելով՝ այս տարվա ընթացքում, հատկապես վերջին 2 ամիսների ընթացքում ահռելի մեծ ծավալների է հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը: Եվ նման պարզաբանումներն այս պահի դրությամբ իրականում օրհասական են»:

2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 105 հազար 169 քաղաքացի: Բավականին աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Եթե նրանց թիվը 2021-ին եղել է 9, ապա 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14:

ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 58 կողմ ձայն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում