ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019 թվականին կատարված փոփոխության համաձայն 0-ից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է անվճար: Նախկինում անվճար բուժօգնությունից կարող էին օգտվել 0-7 տարեկան երեխաները, իսկ 7-ից մինչև 18 տարեկանները, եթե ընդգրկված էին սոցիալապես անապահով և առանձին խմբերում։«Արմենպրես»-իհետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության՝ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են առողջ երեխայի հսկողությունը՝ երեխայի աճի և զարգացման գնահատմամբ, ներառյալ՝ կանխարգելիչ այցերի պարբերականության ժամանակացույցը և իմունականխարգելման գործընթացի ապահովումը:
Ավետիսյանը ընդգծեց, որ դժվարամատչելի հետազոտությունների բավականին լայն ցանկ կա, որը պարբերաբար վերանայվում և արդիականացվում է նախարարության կողմից:
Խոսքն աճի և զարգացման շեղումների վաղ հայտնաբերման, մանկական աուտիզմի թեստի իրականացման և վաղ միջամտության իրականացման մասին է՝ համաձայն զարգացման խանգարումներով երեխաների վաղ հայտնաբերման և վաղ միջամտության գործընթացի կազմակերպման ուղեցույցի։ Խոսքը նաև երեխաների բուժսպասարկման, հիվանդ երեխաների շարունակական հսկողության, երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման կազմակերպման մասին է:
Մասնագետի խոսքով այս և ցանկացած այլ սքրինինգի նպատակն այն է, որպեսզի մասսայաբար կատարվի այդ հետազոտությունը կամ խորհրդատվությունը, որպեսզի վաղ հայտնաբերվի խնդիրը, քանի որ գիտենք՝ ինչքան վաղ է ախտորոշվում խնդիրը, այնքան թե՛ բուժումը, թե հետագա կանխարգելումը ավելի արդյունավետ է լինում:
«Երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալների մեջ մտնում են անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող երեխաների դեղորայքային ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը կարող է տրամադրել դեղ ոչ միայն բուժման, այլ նաև կանխարգելիչ նպատակներով»,- նշեց մասնագետը:
Մասնագետը հավելեց, որ 0-ից 18 տարեկան երեխաների համար ամբողջությամբ անվճար են նաև դժվարամատչելի հետազոտությունները այն բժշկական ծառայություններում, որոնց հետ կնքված է պետական պատվերի պայմանագիր՝ ուղեգրի առկայության դեպքում, հերթագրման սկզբունքով։
«Օրինակ՝ թոքաբորբի կասկածի դեպքում, եթե երեխան հոսպիտալացվում է, հիվանդանոցային պայմաններում իրականցվում են մի շարք հետազոտություններ, օրինակ՝ կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, արյան ընդհանուր քննություն, Ց ռեակտիվ պրոտեինի որոշում, այս բոլորը ներառված են պետպատվերի շրջանակում։ Եթե, օրինակ, նույն երեխայի մոտ զարգանում է բարդություն, և անհրաժեշտ է կրկնել հետազոտությունները կամ ուղղորդել դժվարամատչելի հետազոտություններին, վերջիններս կրկին իրականացվում են պետպատվերի շրջանակում: Օրինակ ՄՌՏ հետազոտությունը»,- նկատում է նա։
Բացառություն են միայն ստոմատոլոգիական ծառայությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակում անվճար մինչև 7 տարեկանների և սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված 7-18 տարեկանների երեխաների դեպքում։
«Պետք է նշեմ, որ պոլիկլինիկաներում բուժզննության լայն և մատչելի հնարավորություն կա, բացի դա հիվանդանոցային մեծ հերթերից և հավելյալ վիրուսներից խուսափելու նպատակով նպատակահարմար է երեխային նախ տանել պոլիկլինիկա և բոլոր հետազոտություններից հետո, եթե առաջանում են հարցեր, նեղ մասնագիտական մոտեցման կարիք է լինում, այս դեպքում, իհարկե, դա արդեն ուղեգրի տեսքով կարող է ներկայացվել հիվանդանոց, որտեղ կիրականացնեն հավելյալ հետազոտություններ և ախտորոշման ճշտում, հաստատում, հերքում և բուժման իրականացում»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Մասնագետի խոսքով՝ այս փոփոխությունն իր դրական ազդեցությունն է ունեցել, քանի որ նախկինում գրանցվում էին դեպքեր, երբ երեխայի մոտ հայտնաբերվում էր որևիցե խնդիր, ծնողը տեղեկանում էր այդ մասին, բայց բուժումը և անհրաժեշտ հետազոտությունները վճարովի լինելու պատճառով երեխան չէր կարողանում ստանալ համապատասխան բուժում, հատկապես՝ 7 տարեկանից բարձր երեխաների պարագայում։
Գայանե Գաբոյան