Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Օգոստոս 2022

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կստանա 3 սենյականոց բնակարան Երևանում. նախագիծն ԱԺ-ում է

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպան կստանա 3 սենյականոց 
բնակարան Երևանում. նախագիծն ԱԺ-ում է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան, այս հնարավորությունից կարող են օգտվել նաև իգական սեռի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նախատեսվում է ռազմաուսումնական հաստատությունն ավարտված և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: Կարծում ենք, որ առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատություններում սովորելու միջոցով բազային ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը»,-ասաց Պապիկյանը:

Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում: Իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում: «Բացի այդ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին: Բնակարաններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու կարգը և պայմանները սահմանվելու են կառավարության որոշմամբ»,-ասաց նախարարը:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի, որում ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետը՝ որպես պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատված: Սահմանվում է նաև, որ առաջարկվող կարգով բնակարան ստացած զինծառայողների վրա չեն տարածվում ծառայության ընթացքում արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման և զոհված, մահացած կամ  հաշմանդամության զինվորական կենսաթոշակառու ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների համար նախատեսված բնակարանային ապահովությունը:

Պաշտպանության նախարարը պարզաբանեց. «Սա ենթադրում է, որ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված: Սա ենթադրելու է, որ այս տարվա ընդունվողները արդեն 2026 թվականին ավարտելուց անմիջապես հետո կստանան իրենց բնակարանները և կտնօրինեն մինչև ծառայության ավարտն ամեն կերպ՝ բացառությամբ այն վաճառելու իրավունքի: Որ պահին նրանց 20-ամյա ծառայությունը կդադարեցվի, և, եթե պատճառը վերը նշված պատճառները չեն, ապա  նրանցից բնակարանը հետ կվերցվի, և դա կգտնվի ՊՆ բալանսում: Սպան սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո,  այն ժամանակ արդեն կարող է վաճառել: Սպան կարող է բնակարանը հանձնել վարձակալության»:

Ըստ Պապիկյանի՝ եթե գործընթացն ընթանա կառավարության պատկերացումներով, ապա պետության ծախսը կկազմի տարեկան 12.5 մլրդ դրամ: Գնման գործընթացի մեկնարկը պետք է սկսվի 2023 թվականից: 

«Նրանք, ովքեր այս պահին դեռ հայտեր չեն ներկայացրել և չեն մասնակցել կենտրոնացված միասնական քննություններին, կա դրա երկրորդ փուլը: Մենք նամակներ ենք հղել բոլոր շրջանավարտներին, սա վերաբերվում է նաև իգական սեռի շրջանավարտներին, նրանք նույնպես կարող են դառնալ սպաներ և օգտվել նույն այս պայմաններից»,-ասաց նախարարն ու կոչ արեց ցուցաբերել ակտիվություն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]