Երևան

Երևանում օդի որակն էականորեն բարելավվել է. քաղաքապետարանը նախատեսում է համալիր միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Երևանում օդի որակն էականորեն բարելավվել է. քաղաքապետարանը նախատեսում է համալիր միջոցառումներ

Երևանում այս սեզոնին օդի որակը էականորեն բարելավվել է, ինչի մասին վկայում են ամբողջ քաղաքում տեղադրված 173 օդի վերահսկման սարքավորումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այս մասին տեղեկացրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս սեզոնին օդի որակը Երևանում էականորեն փոխվում է դեպի լավը, և սա ցույց են տալիս մեր 173 սարքերը, որոնք տեղադրել ենք քաղաքով մեկ։ Բայց մենք խնդիրներ ունենում ենք հիմնականում ձմեռվա ամիսներին»,-նշեց Ավինյանը։

Ըստ մասնագիտական զեկույցների՝ ձմեռային ամիսներին օդի աղտոտման խնդիրը կրկնվում է ամեն տարի։ Դա պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոնով՝ ջեռուցման սեզոնով, որը ավելացնում է աղտոտման նոր աղբյուր, ինչպես նաև Երևանի աշխարհագրական դիրքով։ Այս ամիսներին հաճախակի են հակացիկլոնային ինվերսիոն երևույթները, երբ սառը օդը լճանում է Արարատյան դաշտավայրի հատակային հատվածներում, այդ թվում՝ Երևանում, ինչի հետևանքով խաթարվում է բնական օդափոխանակությունը։

Քաղաքապետին զեկուցեցին, որ խնդիրը պայմանավորված է նաև կանաչ գոտիներում մշտադալար ծառատեսակների սակավությամբ։ Դրանք չեն կարողանում ամբողջությամբ կատարել իրենց բնական ֆիլտրող գործառույթը։

Քաղաքապետարանի քառամյա գործողությունների ծրագրում ներառված են մի շարք միջոցառումներ՝ ուղղված մթնոլորտային օդի աղտոտման նվազեցմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն մշակել է 2025-2030 թվականների մթնոլորտային օդի պահպանության ոլորտում նախատեսվող համալիր միջոցառումների ծրագիրը, որը համահունչ է Երևանի քաղաքապետարանի գործողությունների ծրագրին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում