ԵՐԵՎԱՆ,28ՀՈՒՆԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1098 թ. հունիսի 28-ին, Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին։
-1577 թ. հունիսի 28-ին ծնվել է Պիտեր Պաուլ Ռուբենսը՝ ֆլամանդական նկարիչ (մահ.՝ 1640 թ.):
-1712 թ. հունիսի 28-ին ծնվել է Ժան Ժակ Ռուսոն՝ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ.՝ 1778 թ.):
-Հունիսի 28-ին, 1877 -1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը։
-1919 թ. հունիսի 28-ին ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։
-1970 թ. հունիսի 28-ին Երեւանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։
-1992 թ. հունիսի 28-ին Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
Հետաքրքրական է
Կատվախոտ (լատ.՝ Valeriոna)՝ կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա, յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։
Բույսի արմատները բազմաթիվ են, երկար եւ կարճ երկրորդական արմատներով։ Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում` ճյուղավորվող, բարձրությունը՝ 0,5-2 մ։ Տերեւները կենտփետրաձեւ են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր, ամբողջական են կամ փետրաձեւ հատվածավորված։ Բաժակը բացակայում է։ Պսակը հնգաթերթ, բաց վարդագույն է կամ սպիտակ։ Առէջները երեքն են։ Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչեւ մուգ վարդագույն։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչեւ սեպտեմբերի սկիզբը։ Պտուղը երկարավուն-ձվաձեւ, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ կատվախոտ անվանումը)։
Հայտնի է 217 տեսակ, Հայաստանում՝ 6 տեսակ ։ Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis)։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար եւ այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդային գրգռվածության, սրտի նեւրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաեւ որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին եւ այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։
Կատվախոտ բրդատերեւը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, Հայաստանում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ա. Հ.