Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին

Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում 
երևանյան մենահամերգին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանը հյուրընկալել է ֆրանսիացի երգչուհի, երգահան Զազին, որը կատարում է փոփ, ջազ երաժշտություն՝ համադրված սոուլ և ակուստիկ ժանրերի հետ։ Զազի երևանյան մենահամերգը տեղի կունենա հունիսի 25-ին «Հրազդան» մարզադաշտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց՝ շատ ուրախ է, որ Հայաստանում է ու մեծ հետաքրքրությամբ է սպասում համերգային երեկոյին, որի ընթացքում ցանկանում է իր էներգիան կիսել երաժիշտների և հանդիսատեսի հետ՝ տոն նվիրելով բոլորին:

Խոսելով մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, որի հետ Զազը կատարել է  Paris au Mois de Mai Փարիզին նվիրված երգը՝ երգչուհին շեշտեց, որ Ազնավուրի տված խորհուրդները շատ է կարևորում, սակայն Ազնավուրը Զազին հորդորել է անգլերեն սովորել, ինչը երգչուհին  այդպես էլ չի արել:

«Հուզված եմ, որ Հայաստանում եմ, քանի որ սա Շառլի հայրենիքն է, ու ես պատասխանատվություն եմ զգում: Վերջին անգամ 2018-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում եմ եղել այստեղ: Երբ պետք է հեռանայի, հուզվել էի: Այստեղ մարդիկ ջերմ են, սիրով են լցված: Սիրում եմ հայկական դուդուկը, հաճախ եմ ունկնդրում Լևոն Մինասյանի կատարումները, որոնք ինձ դրական էներգիա են փոխանցում»,-նշեց նա:

Ազնավուրը Զազին Էդիթ Պիաֆի հետ է համեմատել և նրան ֆրանսիական երգարվեստի ապագան համարել: Երգչուհին համեստաբար նշեց՝ հաճելի է, որ շանսոնյեն այդպես է իր մասին արտահայտվել, սակայն շատ արտիստներ կան, որոնք հրաշալի են ներկայացնում ֆրանսիական երաժշտությունը: Զազը կարծում է, որ իր ձայնի մեջ կան նոտաներ, որոնք հիշեցնում են ֆրանսիական հին երգերը, և կա ինչ-որ նոր բան, և այդ համադրությունը լավ արդյունք է տալիս:

Զազի և Ազնավուրի զուգերգն ընդգրկվել է երգչուհու՝ Փարիզին նվիրված սկավառակում: Ըստ նրա՝ Փարիզը գույնզգույն է, քանի որ այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում: Երգչուհին Փարիզը նմանեցնում է ծիածանի:

Զազն իր կարիերան սկսել է՝ երգելով տարբեր բլյուզ խմբերի հետ: Փարիզում երգել է մի բարում, սակայն մթնոլորտն իրեն դուր չի եկել և հեռացել է այնտեղից: «Հեռացա, սակայն գումար չունեի: Ոչ մի տեղ չէին ցանկանում ինձ աշխատանքի ընդունել, և ես որոշեցի ընկերներիս  հետ երգել փողոցում ու գումար վաստակել: Հենց այդ ժամանակ ծնվեց Je veux երգը, որում ասվում է, որ գումարը չէ ամենակարևոր բանն աշխարհում»,-պատմեց Զազն ու հավելեց՝ իր համար մեծ նշանակություն ունեն ընտանիքը, մտերիմներով շրջապատված լինելը: Նրա խոսքով՝ գումարն անտեսելը դժվար է, քանի որ դրա միջոցով են իրագործվում տարբեր նախագծեր, սակայն ամենաէականը չէ: Զազը փառատոն է հիմնադրել, ղեկավարում է «Զազիմուդ» ասոցիացիան, որն օգնում է երաժշտական նախագծերի իրականացմանը:

Երգչուհու երևանյան համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և երիտասարդ հայ երաժիշտ Պարգը։

Զազը (Իզաբել Ժեֆռուա) երաժշտական գործունեություն է ծավալում 2007 թվականից, սակայն երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերել հիթային Je veux երգը: Այն Զազի առաջին ալբոմից է, որը թողարկվել է 2010 թվականին:

Երգչուհին, որն ունի մի շարք մրցանակներ, հաղթել է նաև «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում։ Նրան անվանել են ֆրանսիացի արտիստ, որի երգերը 2010-ին արտասահմանում  ամենից շատ են հնչել։ Համաձայն արված ուսումնասիրության՝ Զազը ճանաչվել է 2010 թվականի ամենահայտնի Ֆրանսիացի երգչուհին։  Նա մենահամերգներով հանդես է եկել Ճապոնիայում, Կանադայում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Սլովենիայում և մի շարք այլ երկրներում:

«Հայան» նոր նախագիծ է, որը Հայաստանում կստեղծի համերգային գործունեության նոր ձևաչափ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Փառատոնի շրջանակում հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կկազմակերպվի հանրահայտ ռեփեր 50 Cent-ի համերգը, հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic նախագիծը:

Փառատոնը կյանքի կկոչվի «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր, բանակցություններ են վարում՝ 2023-ին Հայաստանում Ջենիֆեր Լոպեսին, Էնրիկե Իգլեսիասին և այլ հանրաճանաչ աստղերի հյուրընկալելու նպատակով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]