Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդին

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ Կեշավ Շվարդին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են գտնվել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյան, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել այցելության համար՝ նշելով, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է Բրիտանական խորհրդի հետ ընդլայնել հետագա համագործակցությունը:

 «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն աշխատանքը, որը նպաստում է կրթության միջազգայնացման գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ Բրիտանական խորհրդի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությունն ամրապնդված է համագործակցության հուշագրով:

Բրիտանական խորհրդի ներկայացուցիչ, Քննությունների տարածաշրջանային տնօրեն Կեշավ Շվարդինը, իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության, արդյունավետ համագործակցության համար. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ,  Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը կարևորել է նաև միջին մասնագիտական ոլորտում Բրիտանական խորհրդի հետ համակարգված ծրագրերի իրականացումը, որն ուղղված կլինի կարողությունների և հմտությունների զարգացմանը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ծրագրերի իրականացման և գնահատման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը հանդիպման ընթացքում խոսել է հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում անգլերենի պահանջի մասին, ներկայացրել է իրավական կարգավորումները և մարտահրավերները, բարձրագույն կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի և ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների հետ իրականացված «Անգլերենը՝ որպես դասավանդման լեզու» ծրագրի արդյունքները:

 «Մենք հույս ունենք, որ ԿԳՄՍ նախարարության և Բրիտանական խորհրդի միջև համագործակցությունը կնպաստի բարձրագույն կրթության ոլորտի բոլոր շահառուների (պրոֆեսորադասախոսական կազմ, վարչական անձնակազմ, ուսանողներ և այլն), ինչպես նաև քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը»,- ասել է Սյուզաննա Ղազարյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանն աջակցության ու համագործակցության համար և հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական կլինի:

Հանդիպման վերջում Բրիտանական խորհրդի ներկայացուցիչը նշել է, որ հաշվի կառնվեն ՀՀ կրթության բոլոր աստիճաններում նշված մարտահրավերները և կարիքները, կներկայացվեն ծրագրային նոր առաջարկներ՝ նախարարության հետ սերտ համագործակցությունը շարունակելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]