Հասարակական

«Արմեդ»-ով հնարավոր կլինի կատարել վճարում բժշկական ծառայությունների համար

2 րոպեի ընթերցում

«Արմեդ»-ով հնարավոր կլինի կատարել վճարում բժշկական ծառայությունների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով հնարավոր կլինի կատարել վճարում բժշկական ծառայությունների համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ հուլիսի 1-ից առողջապահական հաստատություններում վճարումներն արվելու են բացառապես անկանխիկ:

«Քաղաքացին հնարավորություն կունենա իր բջջայինի «Արմեդ» հավելվածում կցել էլեկտրոնային դրամապանակը կամ բանկային քարտը: Դա անելուց հետո հենց «Արմեդ»-ի միջոցով միանգամից վճարում կկատարի: Դա շատ հարմար գործիքակազմ է: Բժիշկը, բուժառուին ընդունելով, «Արմեդ»-ում կտեսնի, որ վճարումները արված են: Գնալ հերթ կանգնել, կտրոն բերել ու նման բաներ չեն լինի»,-նշել է Ավետ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ այս անկանխիկ գործընթացներն իրենց համար նույնպես մարտահրավեր են, պահն օգտագործելով, պետք է կարողանալ քաղաքացու համար առավելագույնս դյուրին գործիքներ գործարկել:

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ինչից հետո մի շարք գործարքներ պետք է իրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով: Անկախ գումարի չափից՝ նոտարական գրասենյակների, առողջապահական, կրթական հաստատությունների վճարումները կլինեն անկանխիկ: Միայն հիվանդանոցների պարագայում հուլիսի 1-ից Երևանում է ուժի մեջ մտնում, այնուհետև մեկ տարի հետո կներգրավվեն մարզկենտրոնները: Երկու տարի հետո՝ հանրապետության բոլոր առողջապահական հաստատությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում