Հասարակական

«Արմեդ»-ում պարբերաբար ստուգել բժշկական այցերի մասին տվյալները. մասնագետի հորդորը քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

«Արմեդ»-ում պարբերաբար ստուգել բժշկական այցերի մասին տվյալները. մասնագետի հորդորը քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգում շուտով կավելացվեն նոր գործիքներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիներին վերահսկել անձնական տվյալների էջը՝ կապված այլ անձանց կողմից մուտքի հնարավորության հետ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը:

«Մենք ունենք մեկ հիմնական նպատակ՝ բարձրացնել բուժօգնության որակը: Առանց քաղաքացու մասին մանրամասնված, ամբողջական տեղեկատվության բժշկի կողմից կայացված որոշումները ցանկալի որակ չեն ունենա: Հետևաբար, «Արմեդ» համակարգը պարբերաբար հարստացվում է նոր գործիքակազմով: Այս պահին քաղաքացին ունի հնարավորություն «Արմեդ»-ում տեսնել իր բժշկական այցերի մասին տեղեկատվություն: Նոր գործառույթ է ավելացվում, որ քաղաքացին կարողանա իր հեռախոսի համապատասխան հավելվածում վերահսկի, տեսնի, թե ով է մուտք գործել իր տվյալների բաժին: Քաղաքացին հնարավորություն կունենա նաև սահմանափակել կոնկրետ բժշկի կողմից իր անձնական տվյալների էջ մուտք գործելու հնարավորությունը»,- ասաց Ավետ Մանուկյանը:

Այժմ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը» ՀՀ առողջապահության նախարարության հետ քննարկում է այդ ուղղությամբ հստակեցումները վերջնարդյունքի հասցնելու համար:

Ավետ Մանուկյանը նաև քաղաքացիներին հորդորեց լինել ուշադիր և հետևել բժշկական այցերի մասին տվյալներին: Հնարավոր է, քաղաքացին այցելել է բժշկին, սակայն վերջինս չի մուտքագրել տվյալները համակարգ: Հնարավոր է նաև հակառակը՝ քաղաքացին չի գնացել բժշկի, սակայն վերջինս նրա անվան տակ սպասարկում է գրանցել: Այդ վերահսկողությունը հնարավորություն կտա խուսափել կեղծ տեղեկատվությունից:

«Եթե տեսնեք, որ ձեր անվան փոխարեն կեղծ բժշկական ախտորոշում է մուտքագրված համակարգում, ուրեմն դուք պետք է արագ արձագանքեք: Հակառակ դեպքում դա հետագայում կարող է վատ ազդել ձեզ վրա: Եթե ձեզ վերաբերող առողջապահական տվյալներում անճշտություն եք տեսնում, ապա անպայման արձագանքեք»,-ասաց Ավետ Մանուկյանը:

Առաջիկայում նախատեսվում է «Արմեդ» համակարգում ունենալ ծանուցման ֆունկցիա: Երբ անձի վերաբերյալ բժշկի կողմից կմուտքագրվեն տվյալներ, ապա բուժառուն «Արմեդ» հավելվածում կստանա ծանուցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում