Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անաշխատունակության թերթիկը գործատուներին կհասնի բացառապես էլեկտրոնային տարբերակով

Անաշխատունակության թերթիկը գործատուներին կհասնի բացառապես էլեկտրոնային 
տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է ծավալուն էլեկտրոնային բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրացվի բժշկական ծառայությունների արդյունավետությունը, կլինի բուժառուների պատշաճ սպասարկում, բուժհաստատություններում կկրճատվի թղթարարությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ աշխատանքներն իրականացվում են տարբեր ուղղություններով:

«Ի՞նչն է մեզ այսօր նյարդայնացնում, ի՞նչ խնդիրներ ենք մենք արձանագրում պոլիկլինիկայում: Բնականաբար, առաջին հարկից սկսվող հերթերն են, բժշկի սենյակում տարատեսակ թղթերի լրացումներ են, նոր հետո բժիշկը զբաղվում է մեզնով, հետո տրվում է տեղեկանք, որը կնքելու համար պետք է գնալ բաժնի վարիչի մոտ, հետո տնօրենի մոտ և այլն: Այս ամեն ինչը տեսնելով՝ մենք մշակել ենք հարթակ, որը կոչվում է էլեկտրոնային հերթագրում: Այն արդեն գործում է Երևանի բոլոր պոլիկլինիկաներում, քաղաքացիները էլեկտրոնային տարբերակով նախապես բժշկի մոտ հերթագրվելու հնարավորություն ունեն»,- ասաց Արտակ Ջումայանը:

Էլեկտրոնային տարբերակով գրանցվելով՝ մինչ բուժառուի գալն, արդեն նրա փաստաթղթերը նախապատրաստվում են, և բուժառուն ստիպված չի լինում հերթ կանգնել: Մատյանների թվայնացման գործընթացի արդյունքում հնարավորություն է տրվում բուժառուի առցանց հերթագրվելուց հետո մի շարք տվյալներ ավտոմատ լրացնել համակարգչում, և դրանք լրացնելու վրա բժիշկը ժամանակ չի կորցնում: 

Բարեփոխումներ են սպասվում անաշխատունակության թերթիկը ստանալու պրոցեսում: Արդեն ամբողջությամբ պատրաստ է անաշխատունակության թերթիկի էլեկտրոնային տարբերակը: Մի քանի հստակեցումներից հետո շուտով թղթային տարբերակով չի պահանջվի անաշխատունակության թերթիկ:

«Հարկ չի լինի գնալ և սպասել բաժնի վարիչին, տնօրենին ինչ-որ ստորագրության կամ կնիքի համար: Հիվանդանալու դեպքում բժիշկը քաղաքացու համար բացում է անաշխատունակության թերթիկ: Երբ ապաքինումից հետո գործընթացն ավարտվում է, բուժառուն բժշկի սենյակից գնում է տուն, որևէ տեղ հերթ կանգնելու անհրաժեշտություն չի ունենում: Իր անաշխատունակության թերթիկը համակարգի միջոցով ուղարկվում է գործատուին, որից հետո աշխատավարձային հաշվարկն առցանց արվում է, և գումարը փոխանցվում է աշխատակցին»,- ասաց նախարարի տեղակալը:

Նախնական տվյալներով առաջիկա ամիսներին համակարգը կթեստավորվի և ամբողջությամբ կգործարկվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]