Հասարակական

Անհրաժեշտ է, որ չարհամարհվեն հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները. եվրոպական կազմակերպությունները նամակ են ուղղել Շառլ Միշելին

3 րոպեի ընթերցում

Անհրաժեշտ է, որ չարհամարհվեն հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները. եվրոպական կազմակերպությունները նամակ են ուղղել Շառլ Միշելին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 16-ին եվրոպական 91 կազմակերպություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում Եվրոպական Միության անդամ երկրներում, նամակ են հղել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ հայտնելով իրենց խորը դժգոհությունը նրա վերջին հայտարարության առնչությամբ, որը հրապարակվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ 2022 թվականի մայիսի 22-ի եռակողմ հանդիպումից հետո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«Կազմակերպությունները ողջունում են Շառլ Միշելի կողմից խաղաղությանն ուղղված միջնորդական ջանքերը: Այնուամենայնիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որ խաղաղության բանակցությունները հիմնված լինեն արդարության վրա, երբ չեն արհամարհվի հայկական կողմի հիմնարար իրավունքներն ու կարիքները, նամանավանդ, որ վերջինս 2020թ․ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ագրեսիայի զոհ է դարձել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նամակը ստորագրած կազմակերպությունները ցավում են, որ մայիսի 23-ի հայտարարությունն արհամարհում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի փաստաթղթավորված մոտեցումների հիմնական սկզբունքները: Սա վերաբերում է նաև այն փաստին, որ օգտագործվում է «Ղարաբաղ» անորոշ ձևակերպումը «Լեռնային Ղարաբաղի» փոխարեն, որը կոնկրետ տարածք ունեցող քաղաքական միավոր է։ Նամակում մանրամասն անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղ» ձևակերպման օգտագործումը միտված է պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտման քաղաքականության սպասարկմանը:

Անդրադառնալով 2022 թվականի մայիսի 31-ին Շառլ Միշելի մամուլի խոսնակի հայտարարությանը՝ կազմակերպությունները երախտագիտություն են հայտնում, որ այն կարևոր պարզաբանումներ է մտցրել և ընդգծել հիմնարար սկզբունքներ։

Կազմակերպությունները հույս են հայտնում, որ ԵՄ-ի ապագա միջնորդությունը կհանգեցնի արդար և տևական խաղաղության հասնելու բանակցությունների մեկնարկին: Այդ նպատակով կոչ է արվում Եվրոպական խորհրդի նախագահին միջնորդությունը հիմնել վեց կոնկրետ կետերի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում