Հասարակական

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի՝ օդային ճանապարհով ներմուծման փորձ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցի՝ օդային ճանապարհով ներմուծման փորձ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով մաքսանենգ ճանապարհով ներմուծել թմրամիջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, պարզվել է քաղաքացու ինքնությունը, ով Վալենսիա-Վիեննա-Երևան ավիաչվերթով Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցների կողմից ենթարկվել է համապատասխան մաքսային հսկողության:

Ուղեբեռների մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 1կգ 400 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածների պարունակությամբ 3 փաթեթ, որոնք թաքցված են եղել քաղաքացու ուղեբեռի մեջ հայտնաբերված քաղցրավենիքի՝ երեք ստվարաթղթե տուփերում:

Հայտնաբերված թմրամիջոցի զանգվածներն, ինչպես նաև Ա.Ս.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերված իրերն ու առարկաները ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ քաղաքացին կալանավորվել է:

Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում