Հասարակական

Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի գործակցության մասին համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի գործակցության մասին համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, ողջունելով հյուրին` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի և ԻԻՀ դեսպանատան միջև ձևավորված գործակցությունը, նշելով, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն: Մասնավորապես, Հրաչյա Սարգսյանը կարևորել է գործակցության հաստատումը երթևեկության կառավարման, աղբի վերամշակման, կանաչապատման ու մշակույթի ոլորտներում:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության ամբողջ այն ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար:

Նշվում է, որ կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում: Առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում