Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ
5 րոպեի ընթերցում

Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց։ Կատարողականը կազմել է 103.1 տոկոս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի երկրորդ նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինա Ավետիսյանը։
Նա շեշտեց՝ սեփական եկամուտների հավաքագրումը նախատեսված 62 մլրդ 932 մլնի դիմաց փաստացի կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ, կամ՝ 113. 1 տոկոս։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավելի է 2023 թվականի փաստացի ցուցանիշից 21 մլրդ 108 մլն դրամով։
«Պաշտոնական դրամաշնորհների մուտքերը կազմել են 14 մլրդ 571 մլն դրամ՝ նախատեսված 15 մլրդ 286 մլնի դիմաց։ Պատվիրակված լիազորությունների գծով նախատեսված 34 մլրդ 979 մլն դրամի դիմաց փաստացի կատարվել է 30 մլրդ 944 մլն դրամ»,-նշեց նա։
Անդրադառնալով ծախսերին՝ Ավետիսյանը շեշտեց՝ Երևանի 2024 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 113 մլրդ 699 մլն դրամի ծախսեր, որոնք նախատեսվածի 94. 5 տոկոսն են։
Նրա խոսքով՝ նախատեսված և փաստացի ծախսված գումարների շեղումները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով և պայմանագրային պարտավորությունների անցումներով։
Երևան համայնքի 2024 թվականի բյուջեով ճանապարհների ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ասֆալտապատման և միջին նորոգման աշխատանքներին ուղղվել է 6 մլրդ 317 մլն դրամ, իսկ 294 մլն դրամը՝ Նորք Մարաշ վարչական շրջանի Գրիգոր Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին։ Աշխատանքները շարունակվում են նաև 2025 թվականին։
Տրանսպորտային համակարգի ոլորտի բարեփոխման շրջանակում ձեռք են բերվել թվով 171 ավտոբուս, 6 մլրդ 300 մլն դրամի չափով և 15 տրոլեյբուս, որոնց դիմաց ֆինանսավորվել է 1 մլրդ 416 մլն դրամ։
Հանրային տրանսպորտի ուղևորափոխադրման ծառայություններն իրականացնելու նպատակով Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ, Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ-ներին Երևանի 2024 թվականի բյուջեից տրամադրվել է համապատասխանաբար 7 մլրդ դրամ 696 մլն դրամ և 2 մլրդ 641 մլն դրամ։
Մետրոպոլիտենի ենթակառուցվածքների արդիականացման համար հաշվետու տարում կատարվել է 1 մլրդ 604 մլն դրամի ծախս, որի շրջանակում իրականացվել են գոյություն ունեցող դրենաժային թունելի 936 մետր երկարացում, հակակոռոզիոն աշխատանքներ, ձեռք են բերվել 32 անվազույգեր, 20 անվասայլակի շրջանակներ, 1500 փայտակոճեր, փոխարինվել են «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները։
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին ուղղվել է 14 մլրդ 271 մլն դրամ, որից 5 մլրդ 853 մլն դրամն ուղղվել է Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի պահպանման ծախսերին։ 671 մլն դրամով ձեռք է բերվել 14 աղբատար մեքենա, իսկ 1 մլրդ 262 մլն դրամն ուղղվել է ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը։
Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՀՈԱԿ-ը սուբսիդավորվել է 4 մլրդ 365 մլն դրամով, որի շրջանակում կանաչ տարածքներն ընդլայնվել են 12. 8 հեկտարով, արդիականացվել ու վերանորոգվել է 31 հազար 68.8 գծամետր ոռոգման ջրագիծ։
Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի գործունեության ապահովմանն ուղղվել է 275 մլն դրամ։ Բնապահպանական նախաձեռնությունների շրջանակում Հրազդան գետի վրա թվով 2 աղբաորսիչ հարմարանքների տրամադրման համար ծախսվել է 114 մլն դրամ։
Բազմաբնակարան շենքերի նորոգման և բակային շինարարության համար հատկացվել է 4 մլրդ 657 մլն դրամ, որի գերակշիռ մասը՝ 3 մլրդ 571 մլն դրամն ուղղվել է բակերի ու խաղահրապարակների հիմնանորոգմանն ու պահպանմանը։ Իրականացվել են 97 բակային տարածքներում խաղահրապարակների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ։ 15 բակային տարածքում աստիճանների վերակառուցման աշխատանքներ են իրականացվել, ինչպես նաև ձեռք են բերվել զրուցարաններ և նստարաններ։ Նորոգվել է 274 բազմաբնակարան շենքի 54 հազար 766 քմ. հարթ տանիք, հիմնանորոգվել կամ մասնակի նորոգվել է 22 թեք տանիք, վերանորոգվել կամ մասնակի նորոգվել է բազմաբնակարան շենքերի 229 շքամուտք, հիմնանորոգվել է բազմաբնակարական շենքերի 72 վթարային պատշգամբ։