Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենն ընդունել է ԱԶԲ ներկայացուցիչներին
2 րոպեի ընթերցում

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական Զարգացման բանկի (ԱԶԲ) գլխամասային գրասենյակի ներկայացուցիչներ Ռուդիգեր Զանդերին, Նիկոլաս Կաստելլին և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի մետրոպոլիտենի շահագործման գծով տնօրեն Սամվել Եղիազարյանը և տեխնիկական բաժնի պետ Աղասի Ղուկասյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են մետրոպոլիտենը դարձնել առավել անվտանգ, հարմարավետ և համապատասխան միջազգային չափանիշներին՝ ստեղծելով ժամանակակից և արդյունավետ ուղևորափոխադրումների համակարգ։
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է վերջին տարիներին մետրոպոլիտենում կատարված աշխատանքները։ Նա նշել է,որ չնայած պետության աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, սակայն մետրոյի զարգացման ու վերազինման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ։
ԱԶԲ-ի ներկայացուցիչներն այցելել են մետրոպոլիտենի կարգավարական կենտրոն, էներգո համակարգի կարգավարական կենտրոն, շրջել ԴԵՊՈ-ի տարածքում՝ ծանոթանալով գործող ենթակառուցվածքներին և հասկանալու տեխնիկական հնարավորություններն ու պահանջվող աշխատանքների ծավալը:
Հյուրերը հույս են հայտնել, որ սկիզբ կդրվի նոր և շարունակական համագործակցության: