ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին ՀՀ ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Արտյուշա Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը։
Արմեն Փամբուխչյանի այցի առաջին կանգառը Սեւանի թերակղզում տեղակայված ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատում էր, որտեղ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետը նախարարին եւ Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց ջրափրկարարական ջոկատի տեխնիկական ու կադրային հագեցվածությունը եւ աշխատանքային պայմանները 2022 թվականի լողասեզոնի բացումից առաջ։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանի ներկայացմամբ՝ նոր լողասեզոնի մեկնարկից առաջ, որը նախատեսված է բացել 2022 թվականի հուլիսի 1-ից, ջրափրկարարական ջոկատը տեխնիկապես ու փրկարարական անձնակազմով կազմ ու պատրաստ է իր առջեւ դրված խնդիրների լուծմանը, այն է՝ անվտանգ լողասեզոնի կազմակերպմանը։
Այնուհետ նախարարն ու մարզպետը շրջայց կատարեցին հրշեջ-փրկարարական ծառայության Սեւանի ջոկատում՝ ծանոթանալով տեխնիկական զինվածությանը եւ անձնակազմին։
Գեղարքունիքի մարզպետարանում Արմեն Փամբուխչյանը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալի, ՓԾ տնօրենի, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, մարզպետի տեղակալների եւ ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի մասնակցությամբ։ «Մեր այսօրվա այցը հիմնականում պայմանավորված է նոր լողասեզոնի բացմամբ եւ անվտանգ լողասեզոնի կազմակերպմամբ։ Ուրախալին այն է, որ նախորդ տարվա ընթացքում դժբախտ դեպքեր չեն արձանագրվել, իսկ մեր նպատակն այն է, որ նույն ձեռքբերումն ունենանք նաեւ այս տարի։ Մեր փրկարարներն այս տարվա մայիսի 6-ից առ այսօր աներեւակայելի ջանքեր են գործադրում Սեւանա լճում անհետացած երկու ձկնորսներին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոնումների արդյունքում մեկ ձկնորսի դին հաջողվել է հայտնաբերել, սակայն երկրորդ ձկնորսի որոնումներն արդեն շարունակվում են տեւական ժամանակ։ Այդ դժվարին աշխատանքը պարզապես դրվատելի է։ Անշուշտ, մեր աշխատանքների արդյունավետությունը միաժամանակ պայմանավորված է Գեղարքունիքի մարզպետարանի հետ շուրջօրյա համագործակցությամբ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, մարզպետարանի աշխատակազմին, ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությանը»,-նշեց Արմեն Փամբուխչյանը։
Անվտանգ լողասեզոնի բացման, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեխնիկական ու կադրային վերազինման, փրկարարական այլ աշխատանքների հետ կապված առաջնահերթ խնդիրներին անդրադարձավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Ակնկալվում է, որ նախորդ տարվա համեմատ շուրջ 50 տոկոսով ավելանալու է հովեկների եւ զբոսաշրջիկների թիվը։ Բնական է, որ մենք պետք է ավելի ուժեղացնենք մեր փրկարարական ծառայությունները՝ դրանք հագեցնելով տեխնիկական նոր միջոցներով ու հնարավորություններով։ Օգտվելով առիթից, Վարդենիկ գյուղի բնակչության անունից ուզում եմ իմ երախտագիտութունը հայտնել ՀՀ ԱԻ նախարարին ու փրկարարներին Սեւանա լճում անհետացած ձկնորսների որոնողական աշխատանքներն անընդմեջ ու այդքան տեւական ժամանակամիջոցում կազմակերպելու համար։Մեր շուրջօրյա համագործակցությունը միշտ տալիս է տեսանելի արդյունքներ»,-նշեց Կարեն Սարգսյանը։
Այնուհետ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն եւ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալով անձնակազմերին, տեխնիկական վիճակին, առկա հիմնախնդիրներին։
Խոսրով Խլղաթյան