Հասարակական

Կառավարությունը բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականի ծրագրերին հատկացրեց լրացուցիչ 400 միլիոն դրամ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Ծրագիրն ունի երեք բաղադրիչ՝ միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, երկրորդ բաղադրիչը՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն` ապահովագրական վճարը մուծելու համար և երրորդը՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ աջակցություն։ Ես ցանկանում եմ շեշտել այս ծրագիրը, քանի որ բավականին մեծ է դիմելիությունը այս ծրագրի առնչությամբ։ Եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, այդ վարկի մնացորդի 10 տոկոսի չափով գյուղերում, իսկ Երևանում 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ աջակցություն է տրամադրվում, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 2 միլիոն դրամ։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, և ընտանիքում երրորդ երեխան է ծնվում, պետությունը մինչև 4 միլիոն դրամի դրամական աջակցություն է տրամադրում»,- նշեց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից սկսած արդեն 3 250 շահառու ընտանիք ծրագրից օգտվել է, և պետության մասնակցությունը այս ծրագրին մոտ 2,2 միլիարդ դրամ է։

«Մենք նախատեսում ենք, որ այս տարի ծրագրից կօգտվի 2 500 շահառու ընտանիք։ Դա մոտ այնքան է, որքան 2020 և 2021 թվականների ցուցանիշները միասին վերցված։ Եվ 2022 թվականին ծրագրից արդեն օգտվել է շուրջ 900 շահառու։ Այս պահի դրությամբ էլ ունենք 150 բավարարված հայտ, և այս նախագծի ընդունման դեպքում անմիջապես նրանց գումարները կվճարվեն»,- ասաց Մկրտչյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում