ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հարկման հատուկ համակարգում միկրոձեռնարկատիրության դաշտում գործողների թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Հովիկ Աղազարյանի հարցին, թե ինչ միտում է նկատվում միկրոձեռնարկատիրության ոլորտում:
«Աճում են: Մեր 100 հազար հարկ վճարողների մեջ միկրոյի և շրջհարկի թվերը բնականաբար շատ մեծ են: Եթե նայենք նաև միտումները, բնականաբար աճ են գրանցում, ավելի շատ են բացվում թե շրջհարկի դաշտում գործող, թե միկրոձեռնարկատիրության դաշտում գործողները»,-ասաց Բադասյանը:
Հովիկ Աղազարյանը նշեց՝ անցյալ տարվա տվյալով մոտ 45 հազար միկրոձեռնարկատիրական ընկերություն կար: Բադասյանն ասաց, որ մոտավորապես նույն թիվն է մնացել:
Ըստ նրա՝ կառավարությունը քաղաքականություն է մշակում, որ ոչ թե այդ համակարգերը սահմանափակեն, այլ պետբյուջեի եկամուտների վրա բացասական գործունեություն տեղի չունենա՝ հատուկ համակարգեր-ընդհանուր համակարգ գործարքների արդյունքում: