Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական

Նիկոլ Փաշինյանն ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ընթացիկ տնտեսական վիճակը համարում է լավատեսական. չնայած գլոբալ տնտեսական վիճակը լարված է, կանխատեսումները՝ հոռետեսական, սակայն վարչապետի հանձնարարականն է՝ կենտրոնանալ բյուջեի կատարման, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա՝ ապահովելու 7-տոկոսանոց տնտեսական աճ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանն ունեցած իր ելույթում:

«Ընթացիկ տնտեսական վիճակը համարում եմ լավատեսական: Եվ ցուցանիշները նույնպես  դա ցույց են տալիս, ինչն, ըստ էության, ոմանց համար կարող է զարմանալի թվալ մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Բայց  մեր տնտեսությունը նաև դիմակայունություն է ցույց տալիս: Առաջին եռամսյակի տվյալներով մենք 8.6 տոկոս տնտեսական իրական աճ ունենք, իսկ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք 9.4 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը շատ լավատեսական ցուցանիշ է»,- ասաց Փաշինյանը:

Այս լավատեսության ֆոնը էականորեն բարելավում է դեպի Հայաստան ուղևորահոսքերը: Վարչապետը նկատեց՝ Հայաստան ուղևորահոսքերն էականորեն աճում են: «Եվ արդեն բավական լավատեսական ցուցանիշներ են ի հայտ գալիս. Հայաստան ժամանողների և մեկնողների սալդոն դրական է՝ հօգուտ ժամանողների»,-ասաց վարչապետը:

Օրինակ՝ նախորդ օրը՝ մայիսի 30-ին 1000 հոգի ավելի շատ եկել է ՀՀ, քան հեռացել է ՀՀ-ից՝ այն դեպքում, երբ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մասնակիցների մեծ մասը հեռանում էր կամ արդեն հեռացել էր:

«Տնտեսական առումով, կարծում եմ, իսկապես լավատեսական իրավիճակ ունենք: Շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ ի հեճուկս ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական որոշակի խնդիրների, մենք տնտեսական «կոլափս» չենք ունեցել՝ չնայած դա կանխատեսում էին, և կարող էր նույնիսկ տրամաբանական թվալ»,-ասաց վարչապետը:

Այս ամենը Փաշինյանը բացատրում է հետևյալ կերպ. «Մենք կառավարություն ենք, որ, ըստ էության, տնտեսությունից չենք կորզում գումարներ, այլ ընդհակառակը հնարավորինս շատ գումար ենք վերադարձնում: Ես ուզում եմ տնտեսական որոշակի դիմակայունության հարցում ընդգծել ստվերի կրճատումը, որն իր հերթին արդյունք է համակարգային կոռուպցիայի հաղթահարման: Եվ մենք այսօր քաջալերում ենք, որ ավելի ու ավելի շատ գումարներ մտնեն տնտեսություն»:

Այնուամենայնիվ, Վարչապետը նշեց՝ չի ուզում, որ տնտեսական կանխատեսումները չափազանցված լինեն: Այնուամենայնիվ, գլոբալ տնտեսական վիճակը շատ լարված է, և այս առումով հնչում են միայն հոռետեսական կանխատեսումներ, իսկ Հայաստանն աշխարհից կտրված չէ: «Բայց, այնուամենայնիվ, իմ հանձնարարականը, իմ տրամադրվածությունն այնպիսին է, որ մենք պետք է կենտրոնանանք մեր բյուջեի կատարման, հատկապես կապիտալ ծախսերի կատարման վրա, որ կարողանանք մեր 7-տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշն ապահովել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ ուշադրության կենտրոնում կլինի սոցիալական խնդիրների հաղթահարումը: Սակայն կառավարության մոտեցումն այն է, որ առանձին վերցրած սոցիալական խնդրի լուծումը որպես այդպիսին ճիշտ ձևակերպված խնդիր չէ, որովհետև սոցիալական խնդրի վրա ծախսվող գումարը պետք է հարակից դրական էֆեկտներ բերի: Այս համատեքստում Փաշինյանը նշեց ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին, թոշակառուներին բանկային քարտերից արված առևտրի դեպքում հետվերադարձի որոշման մասին: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am