Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Հիմնադրամից պետբյուջե փոխանցումների հարցով քննիչ հանձնաժողովը 6 ամսում թալանի դեպք չարձանագրեց. Պապոյան

Հիմնադրամից պետբյուջե փոխանցումների հարցով քննիչ հանձնաժողովը 6 ամսում 
թալանի դեպք չարձանագրեց. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը դժգոհում է՝ ընդդիմությունը չի գալիս աշխատանքի, անգամ չի փորձում իր նախաձեռնությամբ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի շրջանակում իր մատնանշած «թալանը» բացահայտել: Պատգամավորը նկատում է՝ հանձնաժողովը գործունեության 6 ամսում անգամ մեկ դրամ թալանի դեպք չի արձանագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետներին առնչվող նախագծի քննարկման շրջանակում:

Պապոյանը նախ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նշանակությունը կարևոր համարեց: «Բայց քանի, որ հանձնաժողովի ղեկավարը և այն նախաձեռնող խմբակցությունը չի գալիս աշխատանքի, մենք այդպես էլ կարևոր հարցերի պատասխաններ չենք տեսնում: 6 ամիս հանձնաժողովն աշխատեց, և 6 ամսվա ընթացքում մեկ դրամի, մեկ լումայի թալանի դեպք չի արձանագրել: Չկա որևէ դեպք, եթե լիներ, հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կասեին, որ 6 ամսվա ընթացքում բացահայտել են դրամի «թալանի» դեպք»,- ասաց Պապոյանը:

Ըստ գործող ԱԺ կանոնակարգ օրենքի՝ քննիչ հանձնաժողովի լիազորության ժամկետը 6 ամիս է: Ընդդիմությունը, սակայն, օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով երկարաձգել դրա գործունեության ժամկետը, սակայն նախագիծը լիագումար նիստում չի քննարկվել, ընդդիմությունը խորհրդարան չի գալիս, տևական ժամանակ է, ինչ փողոցային պայքար է սկսել: Ըստ Պապոյանի՝ ընդդիմությունը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է առաջարկել երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը: «Մենք համաձայնել ենք, որովհետև մենք պատրաստ ենք այդ հարցում մինչև վերջ գնալ: Բայց ընդդիմությունը չի գալիս ԱԺ, չի գալիս աշխատանքի և չի փորձում այնպես անել, որ իրենց մատնանշած թալանը բացահայտվի»,- ասաց պատգամավորը:

Ըստ Պապոյանի՝ 6 ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հանձնաժողովը կարողանար գոնե 1 դրամի թալանի բացահայտում անել: Ըստ նրա՝ ընդդիմությունն այդ 6 ամսվա ընթացքում, դրանից առաջ էլ սփյուռքի, հայաստանցիների աչքում անվանարկել է հիմնադրամը: «Նրանք որևէ նոր բացահայտում չեն արել: Ամեն ինչ եղել է օրենքին համապատասխան, բայց նրանք շարունակում են չգալ աշխատանքի: Եվ այդ կարևոր հարցը թողել են օդի մեջ կախ»,-ասաց նա:

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]