Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ծալկայի շրջանում բացվեց առաջին «ԱրՄաթ» կենտրոնը

Ծալկայի շրջանում բացվեց առաջին «ԱրՄաթ» կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և վրացի պաշտոնյաներին, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին մեկ տեղում միավորել էր շրջանում առաջին «ԱրՄաթ» կենտրոնի բացումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օզնի գյուղում «ԱրՄաթի» հիմնման ծրագիրն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ), «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) հետ գործընկերությամբ և բարերար Ռազմիկ Բլիկյանի ֆինանսական աջակցությամբ:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ հիմնադրամը մեծ տեղ է տալիս ՏՏ ոլորտի զարգացմանը։ Հենց այդ նպատակով 2018 թվականին ՋԱՀ-ը, ԱՏՁՄ-ի հետ համագործակցությամբ ու անհատ բարերարների ու կազմակերպությունների ֆինանսավորմամբ «Արմաթ» նախագիծը բերեց Ջավախք։

«Ջավախքում արդեն գործում են թվով 10 «ԱրՄաթ» կենտրոններ, իսկ Վրաստանի Հանրապետության Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջանում սա առաջին կենտրոնն է, որտեղ արդեն իսկ սովորում են շուրջ 60 երեխա։ Մեր ծրագրերը մշակում և իրականացնում ենք` համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Վերլուծելով կարիքները` հասկացանք, որ անհրաժեշտ է «ԱրՄաթ» կենտրոնի ներդրումը նաև Ծալկայի շրջանում, ինչը նպաստում է  ոչ միայն երեխաների, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը»,- նշեց Մկոյանը։

«Հ.Հովնանյան ընտանեկան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելիքյանն ընդգծեց, որ Օզնիի «ԱրՄաթ» կենտրոնը արդեն երրորդն է, որ  հիմնել են ՋԱՀ֊ի հետ համագործակցությամբ։

«Ելնելով սերնդի դաստիարակության ու ճիշտ գաղափարի շուրջ համախմբելու գործոններից հասկացանք, որ լավագույն ներդրումը Ջավախքում «ԱրՄաթ» կենտրոնի ֆինանսավորումն է։ Այստեղ պետք էր ստեղծել մի կենտրոն, որի հետ կկապվեն երիտասարդներն ու պատանիները»,- նշեց Մելիքյանը

Օզնիում «ԱրՄաթ» կենտրոնը գործում է Արմենակ Ավագյանի տանը, որը տանտերը տրամադրել է անհատույց, իսկ վերանորոգումն ու կառուցապատումն իրականացրել է ծննդով օզնեցի բարերար Ռազմիկ Բլիկյանը։ Վերջինիս խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացումը բխում է ժամանակի պահանջներից։ 

«ԱրՄաթ» ծրագրի ղեկավար  Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ երեխաները կենտրոնում սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում, որոնք ապագայի ամենապահանջված մասնագիտություններից են:

Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ նմանօրինակ կրթական կենտրոնների բացումը համազգային նշանակություն և կարևորություն ունի, քանի որ շատ կարևոր է տեղի պատանիների համար ստեղծել տեղում կրթվելու և աշխատելու հավելյալ հնարավորություններ։ «Մարդիկ այստեղից չպետք է արտագաղթեն կրթության ու աշխատանքի հնարավորություն չունենալու պատճառով, հակառակը՝ պետք է մնան տեղում, սովորեն, աշխատեն և ծաղկեցնեն շրջանը»,- ասաց Սադոյանը։

Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացումը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվությունն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ, ինչպես նաև հայրենիքը չլքելու հեռանկարներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]