Հասարակական

Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

3 րոպեի ընթերցում

Պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննությունների հայտագրման արդյունքներով հանրապետության պետական և ոչ պետական բուհեր 163 մասնագիտություններում դիմորդներ չունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ նշելով, որ ամեն տարի ոչ պետական բուհերի մի շարք մասնագիտություններում դիմորդների զրո քանակը միշտ հաճախ է գրանցվել, սակայն այժմ ունեն նաև 9 պետական բուհեր, որոնք այս կամ այն մասնագիտություններում դիմորդ չունեն:

«Ինձ համար առավել զարմանալի էր, որ Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա» ուղղությամբ որևէ մեկը չի դիմել: Նույն ուղղությամբ որևէ դիմում չկա Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանում: Հասկանալի չէ նաև այն, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Թատերագիտություն», «Կինոգիտություն» ուղղություններով որևէ դիմորդ չկա: Դիմորդ չկա նաև Կոնսերվատորիայի ազգային նվագարանների ՝ շվիի, սրնգի, տավղի, ինչպես նաև ջութակի, դիրիժորական բաժիններում»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կարո Նասիբյանըհատուկ նշեց. երբ ասում են, օրինակ, մաթեմատիկայի ուղղությամբ դիմորդներ չկան, ի նկատի չունեն, որ այդ առարկայով ընդհանրապես հետաքրքրվողներ չկան: Օրինակ՝ կիրառական մաթեմատիկայի և ՏՏ ոլորտի դիմորդները շատ են, բայց սրան հակառակ մաթեմատիկայի ուսուցիչներ դարձողների թիվն է զրո՝ հատկապես Շիրակի և Վանաձորի համալսարաններում:

Մասնագետը հավելեց, որ հիմնական մրցույթից հետո շատ դեպքերում այդ թափուր հաստիքները որոշ չափով համալրվում են:

Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձնացրել է դիմորդների շրջանում տարբեր բուհերի ամենապահանջված մասնագիտությունները: Մասնավորապես, առաջին տեղում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», երկրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա» և «Կիրառական մաթեմատիկա», երրորդ տեղում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարում», չորրորդ տեղում՝ ԵՊՀ-ի «Իրավագիտություն», հինգերորդ տեղում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» ուղղություններն են: Այս ուղղություններով մրցակցությունը շատ մեծ է լինելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում