Քաղաքականություն

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է ավտոերթերն ու ակցիաները

2 րոպեի ընթերցում

«Դիմադրություն» շարժումը շարունակելու է ավտոերթերն ու ակցիաները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 11-ին անհնազանդության երթերն ու ակցիաներն ավանդույթի համաձայն ավարտեցին Ֆրանսիայի հրապարակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մայիսի 11-ին ժամը 12:00-ից շարժման անդամներն իրազեկման նպատակով ավտոերթեր էին սկսել իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Արդեն 16:00-ին կազմակերպվեց հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որի մասնակիցները սկսեցին քայլերթ իրականացնել Երևանի փողոցներով: «Դիմադրություն» շարժման անդամները 18:00-ի մոտակայքում քայլերթով հասան դեպի Երևանի քաղաքապետարան և փակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը՝ կոչ անելով շենքի ներսում գտնվող աշխատակիցներին միանալ իրենց: Մոտ մեկ ժամ անց ակցիայի մասնակիցները, բացելով քաղաքապետարանի ելքերը, շարունակեցին քայլերթն ու հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ օրվա ավարտին կազմակերպվեց հանրահավաք:

Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով հայտարարեց, որ մայիսի 12-ին առավոտվանից շարունակվելու են բողոքի և անհնազանդության ակցիաները:

«Պետք է ավելացնել մեր ակցիաների ու մասնակիցների թիվը: Սա յուրաքանչյուրիս խնդիրն է, այս օրերին դրա վրա ավելի ինտենսիվ պետք է աշխատել: Վաղը շարունակելու ենք ավտոերթերը»,- հայտարարել է Սաղաթելյանը՝ հայտնելով, որ երթերից հետո կրկին լինելու են բողոքի ակցիաներ, իսկ 16:00-ին՝ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում