Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1986 թ. մայիսի 11-ին մահացել է Հովհաննես Շարամբեյանը` հայ նկարիչ:
-2009 թ. մայիսի 11-ին մահացել է Հենրիկ Իգիթյանը` հայ նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980 թ.)։
-1864 թ. մայիսի 11-ին ծնվել է Էթել Լիլիան Վոյնիչը՝ իռլանդացի եւ անգլիացի գրող:
-1904 թ. մայիսի 11-ին ծնվել է Սալվադոր Դալին (Սալվադոր Դոմինգո Ֆելիպե Խասինտո Դալի ի Դոմենեկ, Մարկիզ դե Դալի դե Պուբոլ)՝ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր, գրող եւ սյուրռեալիզմի հիմնադիրներից (մահ.՝ 1989 թ.):
-1991 թ. մայիսի 11-ին մահացել է Ֆրեդերիկ Ֆեյդին` ֆրանսիացի հայագետ:
Հետաքրքրական է
Հայաստանի դրոշ՝ Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ եւ դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերեւից ներքեւ)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի եւ երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով եւ գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) դրոշի կրկնությունն է։
«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին՝ 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թ. օրենքում գրված է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը»։
Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի հայկական նախկին դրոշների հետ։ Հին ժամանակներում բանակները գնում էին կռիվների՝ առջեւից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ։ Քրիստոնեության ընդունման հետ հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր հարստություններ։ Արտաշիսյան հարստության դրոշը, օրինակ, բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված են երկու արծիվ, որոնք նայում են միմյանց եւ բաժանված են ծաղիկով։
Ա. Հ.