ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը վտանգներին արձագանքման սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻՆ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային վտանգներին արձագանքման սարքավորումներ, ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, նշելով, որ արարողությունն անցկացվել է Լուսակերտի ուսումնական կենտրոնում:
Ներկա են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ գնդապետ Գրեգորի Փայփսը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Դեվիդ Վեյշարը, գործակալությունից և Արտակարգ իրավիճակների նախարարությունից այլ պաշտոնյաներ։