Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նա հիմնավորեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը

Նա հիմնավորեց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժողովուրդների խիղճը միշտ էլ ընդվզել է ցեղասպանական հանցագործությունների դեմ: Քսաներորդ դարի ամենամռայլ էջերից մեկն է 1915-1916 թվականների Օսմանյան կայսրության հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածը…

…Եթե չէինք կարող ուժով դիմակայել, պետք է կարողանայինք շրջանցել վտանգը, պետք էր հարմար միջոցների դիմել, բայց այդպես չեղավ՝ սխալ մտածեցինք եւ սխալվեցինք: Պահանջվում է խելամտություն, որ գիտակցենք այդ սխալները, ուսումնասիրենք դրանք առանց կրքի, որպեսզի այսօր կամ վաղը նույն սխալները չկրկնենք, որպեսզի նույն ճակատագրին չենթարկվենք: Ամեն ինչ մեկ անգամ եւ ներկա պայմաններում պետք չէ ուսումնասիրել: Այսօրը հասկանալու համար պետք է սերտել անցյալը, բայց սերտել ոչ թե սրա-նրա պատմած հեքիաթներով, պատահական լրագրությունների կամ ձախ ու ծուռ գրված էջերից, որոնցում ժամանակին բորբոքված են ընտանեկան կռիվներ, կուսակցական կրքեր, փառասիրական վեճեր եւ այլն, այլ սերտել փաստագրական տվյալների հիման վրա, պեղել դրանց խորքը եւ պահանջված խորությամբ մոտենալ նյութին: Անցյալն ուսումնասիրելուց հետո միայն մենք կկարողանանք կատարել ճիշտ հարցադրումներ եւ ապա միայն հանգել օգտակար եզրակացությունների…»:

 

Ջոն ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Խորիմաց պատմաբան, հեռատես դիվանագետ Ջոն Կիրակոսյանն առաջիններից էր, որ բարձրաձայնեց Հայոց մեծ եղեռնի, հարազատ բնօրրանում միլիոնավոր մեր արյունակիցների զանգվածային ջարդերի մասին: Նա Հայոց ցեղասպանության եւ միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը հիմնավորեց գիտականորեն, եւ այն ընդգրկեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Իսկ ժամանակները, հիշենք, թե ինչպիսին էին… Այդուհանդերձ, նրա ուսումնասիրությունները նվիրված էին լինելու մեր ժողովրդի նոր եւ նորագույն պատմությանը, Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը:

Երեւանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը ասպիրանտուրական ուսումնառությունն ստացել է Մոսկվայում՝ միութենական ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում, մասնագիտացել արեւելյան երկրների նոր պատմության բնագավառում: 1994-ին նույն ինստիտուտում պաշտպանել է 1918-1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը: Վերադառնալով հայրենիք եւ ամենեւին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, կատարում է մի շարք կուսակցական, պետական պատասխանատու աշխատանքներ, վարում Մինիստրների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, ապա՝ ՀԿԿ Կենտկոմի գիտության եւ ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի պաշտոնները: Իսկ 1975-1985 թվականներին՝ մինչեւ կարճատեւ իր կյանքի ավարտը, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարն էր:

Մեր ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ Մեծ եղեռնի 50-ամյակի հուժկու շարժման տարում՝ 1965-ին լուս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ արեւմտահայությունը (1914-1916 թթ.)» մենագրությունը: Մինչ այդ Մկրտիչ Ներսիսյանին արդեն հաջողվել էր հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն. Խորհրդային գաղափարախոսության պարտադրանքի շղթաները դույզն-ինչ թուլացել էին…

Ջոն Կիրակոսյանի մենագրությունն սկսվում է Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում Արեւմտյան Հայաստանի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական եւ ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ. 1908 թվականի հեղաշրջումով արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2-ին տապալած եւ իշխանության գլուխ եկած «Միություն եւ առաջադիմություն» երիտթուրքերի կուսակցությունը թվում է, թե առաջադիմական քայլ էր կատարելու ստրկական պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ: Սակայն հակառակն էր լինելու: Պատմաբանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը, որոնք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը: Նազըմ անունով բորենի գաղափարախոսը ոռնում էր, թե իրենց նախնիները Թուրանից են եկել, եւ Կասպից ծովից դեպի արեւելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատարր, իսկ իրենք մնում են մեկուսացված: Ուստի իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչեւ Արալի ծովը: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը հայ ժողովուրդն էր:

Այնուհետեւ հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին նախորդած քաղաքական իրադարձություններին. վկայակոչելով երիտթոիրքերի օրոք կատարված 1909-ի Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական ազգայնամոլությունը, դրա տարաբնույթ դրսեւորումները: Անդրադառնում է նաեւ 1912-1913 թթ. Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության եւ Հայկական հարցի վերաբացման խնդրին:

1972-ին լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի եւ Ռուբեն Սահակյանի կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923 թթ.) ժողովածուն, որում ամփոփված են Հայաստանի միջազգային իրավական եւ քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա հիմնական փաստաթղթերը՝ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրից մինչեւ 1923 թ. Լոզանի պայմանագիրը:

Երկրային կյանքին հրաժեշտ տալուց ընդամենը երկու-երեք տարի առաջ վաստակաշատ պատմաբան-դիվանագետը հրատարակում է «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (ընդդեմ պատմության թրքական կեղծարարության)» առաջին եւ երկրորդ գրքերը: Դրանք ծանրակշիռ ներդրում էին հայոց մեծ ողբերգությունը վերստին բացահայտելու, համր ու խուլ աշխարհի խուփ աչքերը բացելու, ճշմարտությանն իրազեկվելու եւ ոճրագործների իրական դեմքը ճանաչելու գործում:

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am