Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը ստեղծվել է, և հնարավո՞ր է՝ լինի հանդիպում, որովհետև Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի։
«Սրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակում են և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կլինի։
Քննարկումները մոտեցումների շուրջ է աշխատանքային խմբի հետ կապված, նաև այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել։ Հենց գտնենք պատասխանները, հրապարակային հայտարարություն կլինի և հանդիպում կլինի»,- ասաց Գրիգորյանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցություններից հետո կողմերը հայտարարություն էին տարածել մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին, որը կզբաղվի բուն դելիմիտացիայի և սահմանների երկայնքով անվտանգության ու կայունության ապահովման հարցերով։