Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա Դարչիաշվիլի

Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել 
բարիդրացիական հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև. Իլիա 
Դարչիաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները քաղաքական եւ տնտեսական զարգացման մեծ ներուժ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարեց առաջին անգամ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին՝ ներկայացնելով Հայաստանի արտգործնախարարի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

«Նշեցինք, որ երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ: Առեւտուր, տրանսպորտ, էներգետիկա, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն. սրանք այն ոլորտներն են, որոնք կարեւոր դեր են խաղում մեր երկկողմ հարաբերություններում», - շեշտեց Վրաստանի նախարարը:

Խոսելով երկկողմ հարաբերությունների պատմության մասին՝ Իլիա Դարչիաշվիլին հիշեցրեց, որ 2022 թվականին Վրաստանն ու Հայաստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը երկու երկրներում նշվում է համապատասխան միջոցառումներով: ՆԱ մեկտեղ շեշտեց՝ սակայն մեր երկրների պատմական եւ բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն:

«Վստահ եմ, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը նույն ձեւով կշարունակվի: Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարեւոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջեւ, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները եւ օգտվել հնարավորություններից», - նշեց Դարչիաշվիլին:

Վրաստանի արտգործնախարարի խոսքով՝ իր հայ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են տարածաշրջանում ընթացող գործընթացներն ու մարտահրավերները եւ երկու երկրների համատեղ ջանքերն ուղղված այդ մարտահրավերներին:

«Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցությանն ու համակեցությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի անվերապահ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը խոսում է երկու երկրների գործընկերային հարաբերությունների մասին», - հայտարարեց նա:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին շեշտեց, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, իսկ փոխգործակցությունը երկրների միջեւ, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում, բարձր մակարդակի վրա է:

Հանդիպման ընթացքում նախարարներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել հարավկովկասյան տարածաշրջանի տարանցիկ ներուժին: Դարչիաշվիլիի խոսքով՝ դա «կրիտիկական» նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլեւ՝ Հայաստանի համար:

«Ընդգծվել է, որ կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին՝ հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները: Տնտեսական համագործակցության առումով կարեւոր ենք համարում առկա ներուժի լիարժեք իրացումը: Ուրախ եմ, որ երկկողմ տնտեսական հանձնաժողովի նիստերը պարբերաբար անցկացվում են: Մենք ապագայում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել: Ես խորապես վստահ եմ, որ մեր հետագա հարաբերությունները կշարունակվեն լավագույն ավանդույթներին համապատասխան», - հավելեց Վրաստանի արտգործնախարարը:

Իլիա Դարչիաշվիլին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար ու նաեւ իր պատրաստակամությունը հայտնել Միրզոյանին հարմար ժամանակահատվածում հյուրընկալելու նրան Թբիլիսիում:

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին: Ապրիլի 30-ի առավոտյան ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որից հետո նրանք հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսված նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am