Սեւան քաղաքի Գոմաձոր թաղամասում արդեն գործում է առաջին օգնության բուժկետ
2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Գոմաձոր թաղամասում արդեն գործում է առաջին օգնության բուժկետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Գոմաձորի բուժկետի հիմնման ծրագիրն իրականացվել է Սեւան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում, որի օպերատորն է ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիան:
«Առողջապահական ծրագրերի իրականացման եւ այդ ոլորտում կարիքների գնահատման ժամանակ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից, որպես առաջնահերթություն, նշվել էր Գոմաձոր թաղամասում բուժկետ ունենալու անհրաժեշտությունը: Նշված առաջնահերթությունն արդեն իրականություն է, որի շնորհիվ նախ հիմնանորոգվել են տասնամյակներով չգործարկվող ակումբի շենքի տանիքը, շենքի`բուժկետին հատկացված տարածքը, իսկ այսօր Գոմաձորի բնակիչներն արդեն կարող են օգտվել բուժկետի ծառայություններից` ստանալով 1-ին օգնություն»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակությունը Գրենոբլի փոխքաղաքապետի գլխավորությամբ գտնվում է Հայաստանում։ Ապրիլի 27-ին Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը եւ Ֆրանսիայի պատվիրակության անդամները այցելել են Գոմաձորի բուժկետ՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին, աշխատանքային պայմաններին ու առօրյային։
Խոսրով Խլղաթյան