Մշակույթ

Պարը մշակութային հաղորդակցման լեզու է. ԿԳՄՍ նախարարը Պարի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

2 րոպեի ընթերցում

Պարը մշակութային հաղորդակցման լեզու է. ԿԳՄՍ նախարարը Պարի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Պարի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, ուղերձի մեջ, մասնավորապես, նշված է.

«Պարարվեստի՛ սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Պարը մշակութային այն կարևոր դրսևորումներից է, որ մղում է ինքնաճանաչման, ազգային արժեքների բացահայտման՝ միևնույն ժամանակ կամրջելով տարբեր աշխարհագրությունների մշակույթներ, ստեղծելով փոխճանաչման հիմքեր:

Պարը, ի վերջո, մշակութային հաղորդակցման լեզու է, և այս տոնը կոչված է միավորելու բոլոր ուղղությունների պարերը՝ որպես արվեստի միասնական ձև, որը չի ճանաչում քաղաքական, էթնիկ, մշակութային որևէ սահման:

Պարը ոչ միայն արվեստի գեղեցիկ արտացոլում է, մարմնի լեզու, այլև ազգային պատմության, կենսակերպի ու ավանդույթների, իղձերի ու նվաճումների յուրօրինակ արտացոլում: Ի պատիվ պարարվեստի մեր երախտավորների՝ աշխարհը հաղորդակից է դառնում մեր պարային մշակույթի թե՛ ավանդական, թե՛ ժամանակակից դրսևորումներին, բացահայտում մեզ նաև այս տիրույթում:

Մշակութային քաղաքականության համատեքստում պետությունը մի շարք ծրագրերով մշտապես աջակցում է ազգագրական և ժողովրդական համույթների գործունեությանը, բալետային ներկայացումների, ազգագրական, ժողովրդական պարերի նոր բեմադրությունների իրականացմանը, ազգային պարարվեստը միջազգային հանրությանը պատշաճ ներկայացնելուն, ինչպես նաև երիտասարդ կատարողների և պարուսույցների խրախուսմանը:

Պարարվեստի բոլոր գործիչներին մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ, բազում բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում