Քաղաքականություն

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Ըստ աղբյուրի՝ Համագումարը հստակ հասկացրել է, որ «խորապես անհանգստացած է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամով»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»:

Համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը կարևորել է «Արցախի հայությանը վերացնելու համառ օրինակն ու փորձը» և հիշեցրել, որ «անցյալ ամսվա սկզբին դաժան ձմռան կեսին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը` մարդկանց թողնելով առանց ջերմության աղբյուրի»։

Համագումարը նամակով նաև կոչ է արել Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին՝ «պահպանելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները»՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող հակասական հայտարարություններ անել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Իլհամ Ալիև և Ռեջեփ Թայիփ Էրդողան դիկտատորներին աջակից երևալով»:

Համագումարը նաև հորդորել է կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը: Համագումարը անկուսակցական, հարկերից ազատված կազմակերպություն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում