ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հունիսի 11-ից 13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն զարգացման օրակարգի 7-րդ նպատակին և Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելու ուղղությամբ Հայաստանի ջանքերը:
Ըստ աղբյուրի՝ միջոցառման շրջանակներում Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԴ գլխավոր տնօրեն Աջայ Մաթուրի հետ: Կողմերը քննարկել են ՄԱԴ նպատակներին հասնելու ուղղությամբ հետագա համագործակցային ջանքերի հեռանկարները:
2023թ. նոյեմբերի 16-ին Հայաստանի կողմից ստորագրվել է «Միջազգային արևային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը, որն այժմ անցնում է վավերացման ներքին ընթացակարգերով: