1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում. խստացված վերահսկողությունը շարունակվելու է

Ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում. խստացված 
վերահսկողությունը շարունակվելու է

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները մեծացել են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն, ում պաշտոնավարման 100 օրն է լրանում ապրիլի 15-ին, նշեց, որ պետական բյուջեով, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, Անտառային կոմիտեի, «Հայանտառ»-ի սեփական միջոցների հաշվին 2019-2021 թվականներին իրականացվել է շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանք:

«Ծառեր տնկելը, բնականաբար, դեռ չի համարվում, որ անտառային տարածք է: Մոտ 5 տարի դեռ խնամքի, պաշտպանության, լրացման անհրաժեշտություն կա: Մոտ 7-10 տարի անց նոր կարող ենք համարել, որ դրանք անցել են անտառային շարքեր»,-ասաց Վլադիմիր Կիրակոսյանը: 

Անտառապատման աշխատանքներում հիմնականում նախընտրելի է կաղնի, սոճի, ուղեկցող ծառատեսակներ՝ հացենի թխկի, կեչի և այլն: Շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանքներում ընդգրկվել են Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի մարզերը: Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանի խոսքով՝ դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, սակայն արդեն դրական տեղաշարժ կա:

«Եթե տեսնում ենք, որ կպչողականության խնդիր կա, ապա կատարվում են լրացման աշխատանքներ: Դրանից բացի, կատարվում է բնական վերաճի օժանդակում՝ հողի հանքայնացման տեսքով: Այդ հարթակներում բնական վերաճն արդեն երևում է: Կոճղաշիվային օժանդակման աշխատանքներ ևս կատարվել են:  Պետք է նշել, որ Հայաստանի անտառածածկ տարածքների որոշ հատվածներում առկա է դեգրադացում: Դրանք կորցրել են իրենց բնապահպանական ֆունկցիաները: Դեգրադացման հիմնական պատճառը 90-ական թվականների չհամակարգված հատումներն են:  Այսօր մենք տեսնում ենք, որ որոշ հատվածներում, օրինակ՝ Վանաձորի շրջակայքում, երբ 90-ականներին անտառներն ամբողջությամբ հատվել էին, բավական վերականգնվել է: Այժմ ինքնավերականգնողական ռեակցիաներ են ընթանում»,-ասաց Արուսյակ Սիրադեղյանը:

Վլադիմիր Կիրակոսյանը հավելեց, որ Հայաստանի անտառներն անհավասար բաշխվածություն ունեն, 62 տոկոսը Տավուշի, Լոռու մարզերում են, 30 տոկոսը՝ Սյունիքում, 2 տոկոսն է, որ երկրի կենտրոնական հատվածում է: Քաղաքականությունն այնպիսին է, որ հնարավորության դեպքում բոլոր մարզերում հիմնադրվեն անտառներ:

Անտառավերականգնման զգալի աշխատանքներ են նախատեսված նաև այս տարի: 2022 թվականի համար պետական բյուջեից արդեն 413 մլն դրամ հատկացվել է անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է  շուրջ 130 հա անտառապատման աշխատանք, 77 հա կոճղաշիվային վերաճի օժանդակում: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այս տարի սկսվել է անտառապատման մեծ ծրագիր: Այն 8 ամյա ծրագրի է, որի շրջանակում 5700 հա  անտառապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս տարի անտառապատման աշխատանքներ իրականացվելու են շուրջ 1300 հա տարածքում: Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ավելացել 50 հազար հա անտառածածկ տարածք:

Անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ Անտառային կոմիտեի ուշադրության կենտրոնում են մարդկային գործոնով պայմանավորված խնդրահարույց հարցերը, մասնավորապես, ապօրինի ծառահատումները: Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 2021 թվականի ապրիլի 1-ի համեմատ ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում: Մասնավորապես, եթե 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապօրինի հատվել էր 1183 ծառ, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 772 ծառ:

Հիմնական ապօրինի հատումները բիզնես նպատակով են: Նվազումը Վլադիմիր Կիրակոսյանը պայմանավորում է ինչպես վերահսկողության ուժեղացմամբ, այնպես էլ տեղի բնակիչների հետ աշխատանքով:  Նվազման ցուցանիշը չի բավարարում պատասխանատու կառույցներին, առաջիկայում շարունակելու են ուժեղացված վերահսկողությունը:

Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են նախատեսում անտառապահպանության գործընթացում: Հիմքում դնելու են տեխնոլոգիական նոր լուծումները, նորագույն սարքավորումները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]