Թմրամիջոցների ներկրմամբ զբաղվող HYDRA հարթակի միջոցով ՀՀ հինգ քաղաքներում իրականացվել է թմրամիջոցների մատակարարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե 2016 թվականին ԱՊՀ սեգմենտում թմրամիջոցների ներկրմամբ զբաղվող HYDRA հարթակի միջոցով 150 անձ էր գնում կատարում, ապա 2019 թվականին գնորդների թիվն անցել է օրական 20 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:
Նրա խոսքով՝ 2019 թվականի վերջում միայն HYDRA հարթակի ԱՊՀ սեգմենտում գրանցված է եղել արդեն իսկ 3444 խանութ -հարթակ, որոնք գործել են ԱՊՀ տարածաշրջանի 1114 քաղաքներում, որոնց թվում են նաև ՀՀ հինգ քաղաքներ: «HYDRA հարթակի գործունեության հիմնական գործառույթը մեծաքանակ թմրամիջոցների ներկրումն է: Հաջորդ քայլը հանդիսանում է էջը կառավարող մարդկանց կողմից հատուկ հանձնարարություններով իրենց աշխատակիցներին թմրամիջոցները փոխանցելը և նրանց կողմից Երևան քաղաքի և Հայաստանի մարզերի տարբեր վայրերում դրանց տեղակայումը»,-ասաց նա:
Համբարյանը նշեց, որ Թելեգրամ հավելվածում թմրամիջոցների վաճառքը բաժանված է երկու հատվածի. առաջին հատվածը սինթետիկ թմրամիջոցների վաճառքն է, երկրորդը՝ օրգանական:
«ՀՀ տարածքում գործող օրգանական թմրամիջոցների վաճառքով զբաղվող Ivory organics խանութ-հարթակի միջոցով կատարված թմրամիջոցների վաճառքը գերազանցել է օրական 150-200 «զակլադկաները»»,-ասաց նա, հավելելով,որ էջը մինչև փակվելը ունեցել է 5000-ից ավելի հետևորդ:
«Սա այն եզակի էջերից է, որի միջոցով իրացվել են մարիխուանայի հիմքով պատրաստված կոնֆետներ և նրբաբլիթներ: Ներգրավված են եղել նաև կանայք, անչափահասներ, որոնք հանդիսացել են թմրամիջոցներ տեղափոխողներ և տեղադրողներ»,- եզրափակեց Համբարյանը: