Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Կառավարությունը լրացուցիչ ավելի քան 750 միլիոն դրամ գումար կտրամադրի Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար

Կառավարությունը լրացուցիչ ավելի քան 750 միլիոն դրամ գումար կտրամադրի 
Երևանում բռնցքամարտի  Եվրոպայի առաջնության կազմակերպման համար

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 750 միլիոն 192 հազար դրամ գումար կհատկացնի «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

«Բռնցքամարտի ռինգերի, տանձիկների և ձեռնոցների ձեռքբերման, տեղափոխման և մաքսազերծման, առաջնության հյուրընկալման անդամավճարի և հաշվողական համակարգի տեղափոխման ու սպասարկման համար 2022 թվականի փետրվարի 17-ին Կառավարության համապատասխան որոշմամբ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային է հատկացվել 77 միլիոն 768 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ նշված գույքը ձեռք է բերվել, և դրանց մի մասը արդեն գտնվում է Լարսի անցակետում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և  անցկացման  նպատակով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 750 միլիոն 192 հազար դրամ գումար, որը հիմնականում կուղղվի մրցաշարի շրջանակներում բրենդավորման և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացման, գովազդային և տպագրական և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման հանդիսավոր արարողության և մրցաշարի ընթացքում միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերմանը»,- ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ առաջնության նախապատրաստման և անցկացման համար ժամանակի սղության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով տարվող աշխատանքների ծավալը, որոշում է կայացվել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին և առանց խոչընդոտների կազմակերպել և իրականացնել միջոցառումը։

«Համադրելով գին-որակ-ներկայանալիություն-փորձ հարաբերակցությունը՝ միջոցառման իրականացնող  ընտրվել   է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Իհարկե, առաջիկայում Կառավարության քննարկմանը կներկայացվի նաև գումարի հատկացման մասին Կառավարության որոշման ևս մեկ նախագիծ կազմակերպչական այլ ծախսերի մասով, մասնավորապես՝ պատվիրակության կացության, կորոնավիրուսի թեստերի, ավիատոմսերի, տրանսպորտային ծառայությունների, պաշտոնական ընթրիքի, ինչպես նաև որոշ հիմնական միջոցների ձեռքբերման համար»,- հավելեց Դումանյանը։

Նախարարը հիշեցրեց, որ առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 40 երկրներից 400 անձանց մասնակցություն՝ 280 մարզիկ և նրանց ուղեկցող անձնակազմ և պատվիրակներ։

«Առաջնության անցկացումը կարևոր տեղ ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն իր պատվավոր տեղը կունենա աշխարհի սպորտային քարտեզում։ Մայիսի 29-ից 31-ը Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով ու նշանակությամբ աննախադեպ է Հայաստանի Հանրապետությունում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին մեր երկրում նման մակարդակի սպորտային միջոցառում չի կազմակերպվել»,- եզրափակեց Դումանյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]