Հասարակական

ՌԴ ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու հայ զինծառայողի վիրավորվելու մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման ու հայ զինծառայողի վիրավորվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբը անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում արձանագրել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Փառուխ համայնքի տարածքում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետևանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։

«Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:

Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում