Հասարակական

Հայտնի են «DigiCode-2022» մրցույթի մարզային փուլի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են «DigiCode-2022» մրցույթի մարզային փուլի հաղթողները

ԳԱՎԱՌ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ ամբողջ Հայաստանում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների սաները մրցել են պատանեկան ծրագրավորման «DigiCode-2022» մրցույթի հանրապետական փուլի ուղեգրի համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տեղեկատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, ստացվել էր շուրջ 950 հայտ՝ 1000-ից ավել անհատ երեխաների եւ թիմերի կողմից, որոնցից մարզային փուլին ներկայացվեցին 400-ից ավել աշխատանքներ։ Մարզային փուլն անցկացվեց միաժամանակ 4 քաղաքներում. Վանաձորում մրցում էին Լոռիի, Գյումրիում՝ Շիրակի, Իջեւանում՝ Տավուշի եւ Գեղարքունիքի, իսկ Գորիսում՝ Սյունիքի, Արցախի, Վայոց Ձորի եւ Ջավախքի լաբորատորիաների աշակերտները։ Ապրիլի 10-ին տեղի ունեցած մարզային փուլին մրցեցին Երեւանի եւ մերձակա մարզերի՝ Կոտայք, Արագածոտն, Արմավիր, Արարատ, պատանի ծրագրավորողները։

Պատանիները մրցում էին 4 անվանակարգերում՝ «Վիրտուալ լաբորատորիա», «Համակարգչային խաղեր», «Սարքերի ինտեգրում» եւ «Ալգորիթմական լուծում»։

Մարզային փուլը հաղթահարած շուրջ 50 թիմերն անցան հանրապետական փուլ, որը տեղի կունենա ապրիլի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Վերջինիս շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։

«Այս տարի առաջին անգամ մարզային փուլը ֆիզիկապես անցկացվեց 5 տարածաշրջանային կենտրոններում, ինչը համապետական տեխնոլոգիական տոնի վերածեց մրցույթը։ Ավելացրել ենք «Վիրտուալ լաբորատորիաներ» անվանակարգը, որտեղ դպրոցականները ներկայացրին քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի լաբերի հետաքրքիր մոդելներ՝ անգամ այն դպրոցներից, որոնցում նման լաբորատորիաներ դեռեւս չեն գործում։ Երեխաների ներկայացրած համակարգչային խաղերից շատերն աչքի էին ընկնում անասելի հասունությամբ եւ պատրաստ նախագծերի էին՝ տեղափոխվելու համակարգչային խաղերի պրոֆեսիոնալ ոլորտ։ Ժյուրիի կազմի ընտրության ընթացակարգն այս տարի նույնպես փոփոխությունների էր ենթարկվել։ Յուրաքանչյուր մարզում ժյուրին կազմավորվել էր հետևյալ ձեւաչափով. «Արմաթ» ԻԼ խմբավար, ԱՏՁՄ վարչության անդամ, մարզային ՏՏ ընկերության ներկայացուցիչներ», - ներկայացրին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տեղեկատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում