Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

Լրացնել կրթական ոլորտի բացերը, Հայաստան բերել աշխարհի առաջատար փորձը. «Մատենա» միջազգային դպրոցի ծրագրերը

Լրացնել կրթական ոլորտի բացերը, Հայաստան բերել աշխարհի առաջատար  փորձը. 
«Մատենա» միջազգային դպրոցի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բիզնես և հանրային ոլորտները հարստացնել որակյալ մասնագետ-առաջնորդներով. «Մատենա» միջազգային դպրոցն իրականացնում է կրթական ծրագրեր՝ ներգրավելով համաշխարհային լավագույն փորձագիտական ներուժը: Ղեկավարների համար նախատեսված «Փոփոխությունների առաջնորդում (Leading Change)» միջազգային ծրագրի հաջող մեկնարկից հետո Մատենան արդեն հայտարարել է 2-րդ խմբի ընդունելությունը։ Դասերը կմեկնարկեն մայիսին 27-ին, իսկ ընդունելությունը բաց է մինչև մայիսի 10-ը։

 «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը մանրամասներ ներկայացրեց միջազգային դպրոցի ծրագրերից՝ նշելով, որ «Մատենա»-ն եկել է լրացնելու կրթական ոլորտի բացերը և Հայաստան բերելու աշխարհի առաջատար փորձը, ձեռքբերումներն ու համագործակցությունը:

Ի՞նչ է Մատենան. հնարավորություններ, նպատակներ:

Կարևոր նպատակ ունեն. հայկական շուկայում մշակել այնպիսի ծրագրեր, որոնց կիրառման արդյունքում կարողանալու են պատրաստել մասնագետ-առաջնորդների՝ տարբեր ուղղություններով, հատկապես բիզնեսի և  հանրային կառավարման բնագավառներում:

«Մենք փորձել ենք համաշխարհային  լավագույն փորձագիտական ներուժը բերել Հայաստան և այն տարածել Հայաստանում, որպեսզի  հանրային կառավարման և բիզնեսի ղեկավարները կարողանան առաջ գնալ և ավելի արդյունավետ կառավարել իրենց համակարգերը: Մեր առաջին երկու ծրագրերից մեկը վերաբերում է բիզնեսի առաջնորդներին, երկրորդը տեղական ինքնակառավարման, համայնքային պաշտոնյաների զարգացման ծրագիրն է»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Ռուբեն Հայրապետյանը պատմեց, որ կրթությունը սկսել են հենց առաջնորդներից, որպեսզի նախ ՝գործատուն ինքը գա սովորի, որակյալ կրթություն ստանա և դրանով իր մոտ ձևավորվի վստահություն տվյալ կրթական ծրագրի նկատմամբ: Երկրորդը՝ որպեսզի ղեկավար մասնակիցների փորձագիտական մեծ ներուժն օգտագործեն հետագայում  երիտասարդներին կրթություն տրամադրելու համար, և նշեց, որ  բիզնեսի ղեկավարների  առաջին խմբի 36 մասնակիցների  մեծ մասը պատրաստակամություն է հայտնել դառնալ «Մատենա»-ի փորձագետ, դասախոս և կարծում են, որ սա  իսկապես արդյունավետ բիզնես դպրոց կառուցելու լավագույն ճանապարհն է:

 

Հնարավորություններ և արդյունքներ, որոնք կտա «Մատենա»-ն  համայնքների ղեկավարներին:

Նրա խոսքով՝ համայնքների ղեկավարների խումբն այս պահին արդեն ձևավորված է, և ծրագիրը մեկնարկելու է հունիսից: «Համայնքային պաշտոնյաներ ասելով մենք հիմնականում 4 խումբ նկատի ունենք՝ համայնքի ղեկավար, տեղակալ, աշխատակազմի քարտուղար և ավագանու անդամներ: ՀՀ-ում համայնքների խոշորացումից հետո, համայնքների նորընտիր ղեկավարներն ու պաշտոնյաները լուրջ մարտահրավերի առջև են կանգնել, թե ինչպես կառավարել այդ համեմատաբար խոշոր միավորները, որտեղ կառավարչական ավելի լուրջ հմտություններ են անհրաժեշտ, մենք այս առումով փորձել ենք կրկին միջազգային լավագույն փորձի և հայաստանյան փորձագիտական ներուժի համադրությամբ ստանալ ծրագրեր, որոնց միջոցով համայնքային ղեկավարները կարողանալու են իրական փոփոխություններ կատարել իրենց համայնքներում»,-ընդգծեց Հայրապետյանը:

Նա կարևորեց, որ ստացած գործիքակազմի և գիտելիքի հիմքով, համայնքների ղեկավարները դասընթացի ավարտին մշակելու են համապատասխան նախագիծ, որն ուղղված է լինելու համայնքի զարգացմանն ու  փոփոխությանը:

 

Փոփոխություններ, որ  բերում է «Մատենա»-ն կրթության ոլորտ, և բացեր որոնց լրացնելու է եկել այն:

Ոլորտի խնդիրներին անդրադառնալով՝ Հայրապետյանն ընդգծում է, որ ամենաէական խնդիրներից մեկն այն է, որ, ցավոք, մինչև այժմ մասնագիտական կրթական օջախները, բարձրագույն ուսումնական հաստատությունները չեն դարձել կրթության որակի երաշխիք, այլ կերպ ասած, երբ մարդը բուհն ավարտում է, դա դեռևս չի նշանակում, որ ունի որակյալ մասնագիտական կրթություն:

«Առաջատար կրթական հաստատությունները տարբերվում են հենց նրանով, որ քեզ տալիս են որոշակի մակարդակի մասնագիտական կարողությունների երաշխիք, որը ներկայացնելու ես, դիցուք, ապագա գործատուին, և նա հասկանալու է, որ համապատասխան մակարդակի մասնագետի հետ գործ ունի: «Մատենա»-ն այժմ Հայաստանում փորձում է ապահովել հենց այդ որակի երաշխիքը՝ համագործակցելով տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ցանցի հետ»,- ասաց  Հայրապետյանը:

 

«Մատենա»-ի ապագան, ի՞նչ սպասենք առաջիկայում: Ծրագրեր երիտասարդների համար:

«Մատենա»-ն կարևորում է նաև ԲՈՒՀ-ը նոր ավարտած և աշխատանք փնտրող երիտասարդների կրթության հարցը և մոտ մեկ ամսից հայտարարելու են նոր ծրագրերի մասին հենց նրանց համար: «Այս ծրագրերը հիմնականում ուղղված են լինելու բիզնեսում կառավարման հմտությունների զարգացմանը,  ու երիտասարդները, որոնք կանցնեն մասնագիտական բարձր որակի ծրագրերը,  պատրաստ կլինեն ցանկացած բիզնեսի, կազմակերպության կամ կազմակերպական միավորի համար կատարելու ամբողջական բիզնես վերլուծություն կամ, օրինակ, մշակելու տվյալ բաժնի կամ կազմակերպության զարգացման ռազմավարությունը»,-ասաց նա:

Առաջիկայում նախատեսում են նաև մի շարք այլ ծրագրեր, որոնք ուղղված են լինելու ՏՏ  և Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներին: Ինչպես նաև հանրային կառավարման բնագավառում կլինեն նոր ծրագրեր՝ նախատեսված ոչ պաշտոնյաների համար:

Համագործակցության հնարավորություններ:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծեց, որ  «Մատենա»-ն այս պահին ունի Հայաստանի համար բացառիկ միջազգային գործընկերային ցանց:  «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման դպրոցն է: Գործընկերներից են նաև Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանը, իսպանական «IE» համալսարանը, բելգիական «40 Under 40»-ը, «IEDC Բլեդ» կառավարման դպրոցը, «Նոր տնտեսագիտական դպրոցը», բրազիլական «Ֆունդասո Դոբ Կաբրալը» և այլն։ «Շատ կարևոր փաստ է, որ այս պահին միջազգային մի շարք բիզնես դպրոցներ իրենք են մեզ հետ արդեն կապ հաստատում և համագործակցության առաջարկներ անում: Ցանկացած նոր գործընկեր մեր ուսանողների համար հնարավորություն է տալու դառնալ նաև այդ կրթական հաստատության մի մասնիկը»,-ներկայացրեց Հայրապետյանը:

Անվան ընտրություն. ինչու՞ հենց «Մատենա»:

Նրա խոսքով, երբ որոշեցին, որ Հայաստանում պետք է հիմնեն առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոց, բնականաբար, հարց առաջացավ, թե ինչպիսի անվանում այն պետք ունենա և այն ընտրելիս  սահմանեցին երեք չափանիշ՝ առաջին, որ անվանումն արտահայտի հայկականություն, երկրորդ՝ այն կապ ունենա կրթության հետ և երրորդ՝լինի բարեհունչ միջազգային լեզուներով: «Մատենա» անվանումը խորհրդանշական կերպով ծագում է մատեան («գիրք») բառից և մարմնավորում է հայ ժողովրդի պատմական ձգտումը դեպի գիրքը և կրթությունը։

Դասավանդվող ծրագրեր. մեթոդաբանություն, մոտեցում, դասապրոցես, դասընթացի տևողություն:

«Մատենա»-ի ակադեմիական տնօրեն Տիգրան Մնացականյանը ներկայացրեց,  որ իրենց կուրսերն ավելի ինտենսիվ են, և ծրագրերում  փորձել են ստանալ տարբեր բաղադրիչների մի համադրություն, որն առավելագույնս կապահովի ստացված գիտելիքի և հմտությունների կիրառելիությունը՝ սեփական խնդիրներն ու մարտահրավերները լուծելու համար:

«Որոնք են այդ բաղադրիչները. առաջինը, որը հիմնականն է, փորձագիտությունն է տեղական և մեր միջազգային գործընկերների կողմից, երկրորդ կարևորագույն բաղադրիչն այն է, որ ստացած բոլոր գիտելիքների հիման վրա մեր մասնակիցները ստեղծում են իրենց սեփական  նախագծերը, և երրորդ կարևորագույն բաղադրիչը անհատական քոուչինգն է: Կարելի է ասել՝  խմբային և անհատական մոտեցման արդյունավետ համադրությունը մեր ծրագրերի կարևոր սկզբունքներից է»,- ասաց Մնացականյանը:

Վերջինիս խոսքով՝ դասընթացի տևողությունը, իհարկե, կախված է իրականացվող ծրագրերից: Այն ծրագրերը, որոնք  արդեն մեկնարկել են, եռամսյա են և ենթադրում են մոտավորապես 90 ժամվա ծանրաբեռնվածություն:

Զրուցեց Գայանե Գաբոյանը

 Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]