ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ գրող Հանս Քրիստիան Անդերսենը գրպանում տասներեք ոսկեդրամով ու մի փոքրիկ կապոցով մեկնեց իր երազանքի հետևից։ Ճիշտ այնպես ինչպես իր հեքիաթներում։ Աղքատ տղա, որը չուներ ոչինչ, բացի իր խելքից ու բարի սրտից:
Մեծանուն գրողի ծննդյան օրը՝ ապրիլի 2-ին, ամբողջ աշխարհը նշում է «Մանկական գրքի միջազգային օրը»: Անմասն չի մնացել նաև Հայաստանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնի առթիվ «Զանգակ» հրատարակչությունը գրատան «Աբովյան» փողոցի մասնաճյուղում փոքրիկներին կծանոթացնի Հայնց Յանիշի «Հանս Քրիստիան Անդերսեն. նրա կյանքի ճամփորդությունը» գրքին: Ինտերակտիվ միջոցառման մասնակիցները կընթերցենք ու կզրուցեն, կխաղան ու կմրցեն, իսկ վերջում փոքրիկ հանդիսատեսի մասնակցությամբ կբեմադրվի Անդերսենի հեքիաթներից մի հատված։
Հրատարակչության հանրային կապերի պատասխանատու Սյուզան Չիչակյանի խոսքով՝ որոշ երկրներում ասում են, որ այդ օրը կատարվում են երեխաների երազանքները:
«Որոշեցինք՝ հայ երեխաները ևս արժանի են, որ իրենց երազանքները կատարվեն: Նախաձեռնեցինք հեքիաթային միջոցառում, որի շրջանակում փոքրիկները ոչ միայն կլսեն, թե ինչ են իրենց պատմում Անդերսենի գրքի մասին, այլև հնարավորություն կունենան դառնալու հեղինակի հեքիաթների հերոսներից մեկը»,-նշեց նա:
Չիչակյանը շեշտեց՝ շատերը մանկությունից ծանոթանում են Անդերսենի հեքիաթներին, բայց նրա կյանքի պատմությունը պակաս հետաքրքիր չէ: « «Հանս Քրիստիան Անդերսեն. նրա կյանքի ճամփորդությունը» գրքում Հայնց Յանիշը պատմում է հեղինակի մասին ու նշում, թե ինչպես են ծնվել մի շարք սիրված հեքիաթներ: Ըստ իս՝ չափազանց կարևոր է՝ այս դժվար օրերում երեխաների համար գունեղ միջոցառումներ կազմակերպելը, որպեսզի նրանց դեմքին անընդհատ ժպիտ լինի: Լսելով մռայլ պատմությունների, հեռուստատեսությունից ակամա տեղեկանալով պատերազմների մասին՝ նրանք հաճախ տխրում են: Անհրաժեշտ է անել հնարավորը, որ երեխաների համար հեքիաթների աշխարհը հետին պլան չմղվի, որ նրանք ունենան վառ մանկություն, դառնան վառ անհատականություններ ու գեղեցիկ, լուսավոր հայրենիք կերտեն»,-ընդգծեց Չիչակյանը:
Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներն ընթերցում են աշխարհով մեկ: Դանիացի մեծ գրողը մանկության հավերժական հերոսներ է ստեղծել` «Ջրահարսը», «Մատնաչափիկը», «Ձյունե թագուհին», «Անճոռնի ճուտիկը» և այլն: Հեքիաթ է թվում նաև Անդերսենի կյանքի զարմանալի պատմությունը: Կոշկակարի որդուց` մինչև հռչակավոր գրող: Հայնց Յանիշը նրբաճաշակորեն է պատմել Անդերսենի կյանքի մասին ու իր պատմությանը միահյուսել ամենահայտնի հեքիաթները: Իր սքանչելի նկ արներով Մայա Քասթելիքը պատկերազարդ գրքերի շարքի մի նոր գանձ է ստեղծել:
Անժելա Համբարձումյան