Հայանիստում վթարային վիճակում գտնվող դպրոցի փոխարեն նոր սեյսմակայուն դպրոց կկառուցվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Հայանիստ համայնքի երրորդ աստիճանի վթարային վիճակում գտնվող միակ դպրոցի փոխարեն նոր, ավելի սեյսմակայուն դպրոց կկառուցվի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս պահին շենքի սեյսմակայուն վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են ընթանում: «Դրանց ավարտից հետո նախագիծը կկազմվի և ամբողջովին նոր սեյսմակայուն դպրոց կկառուցվի»,-ասաց նա՝ հավելելով, որ դպրոցն ընդգրկված է սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում, որն իրականացվում է ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:
2021 թվականին ապրիլի 10-ին գրանցված ուժգին քամին էլ ավելի վթարային էր դարձրել հիմնանորոգման կարիք ունեցող Հայանիստի միակ դպրոցի շենքը: Քամու հետևանքով փլուզվել էր շենքի պատը, պոկվել էր տանիքը:
Համայնքի միակ դպրոցում «անվտանգ» դասասենյակների սուղ լինելու պատճառով դասերն անցկացվում են երկու հերթով: Գործում է դպրոցի տարրական մասնաշենքը: Ծնողները նշում են, որ ամեն օր իրենց երեխաներին վախով են ուղարկում հաստատություն, իսկ 21-րդ դարում նման դպրոց ունենալն ուղղակի խայտառակություն են համարում։
Հայանիստ համայնքի միակ դպրոցը կառուցվել է 1971 թվականին։ Կրթական հաստատություն մոտ 400 երեխա է հաճախում ինչպես համայնքից, այնպես էլ հարակից գյուղերից, այժմ նաև Արցախից։
Հայաստանում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցի կառուցում: