Քաղաքականություն

Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան

3 րոպեի ընթերցում

Տարածքը խաղաղապահների պատասխանատվության գոտում է, ակնկալում ենք հստակ պատասխան ՌԴ-ից. Էդուարդ Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ մարտի 24-25-ի իրադարձությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները գտնվել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության գոտում. Աղաջանյանն ընդգծեց՝ ակնկալում են ռուս գործընկերներից հստակ պատասխաններ, թե ինչի արդյունքում են այդ իրադարձությունները տեղի ունեցել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացում է արցախահայության իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու քաղաքականություն, և տեղի ունեցողը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորում է, որին ականատես ենք լինում հակամարտության մեկնարկից ի վեր:

«Վերջին շրջանում` հետպատերազմյան ժամանակահատվածում, այս գործընթացը ձեռք է բերել առանձնահատուկ և գործնական կոնկրետ տեսք, որի մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս տեղեկացրել են և ահազանգել են միջազգային հանրությանը: Այս գործընթացի գնահատականը բազմիցս տրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, վարչապետի կողմից և նաև Ազգային ժողովի պատգամավորների և, մասնավորապես, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կողմից»,- շեշտեց Աղաջանյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընդգծեց`Ադրբեջանը հերթական անգամ խախտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները:

«Տվյալ պարագայում խոսքը այն կետի մասին է, որ կողմերը պարտավորվում են դադարեցնել ռազմական գործողությունները, մնալ իրենց զբաղեցրած դիրքերում և այդ սահմանագծով ռուս խաղաղապահները պետք է տեղակայվեին, որոնք տեղակայվել են»,- հավելեց Աղաջանյանը:

Էդուարդ Աղաջանյանը ուշադրությունը հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա ` խոսքը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տիրույթում գտնվող տարածքի մասին է:

«Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Կրկնում են, որ սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա: Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքերից, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում