Հասարակական

Պատմության հետագծով

3 րոպեի ընթերցում

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 23ՄԱՐՏԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1869 թ. մարտի 23-ին ծնվել է Գալուստ Գյուլբենկյանը՝ գործարար, բարերար (մահ.՝ 1955 թ.):

-1874 թ. մարտի 23-ին ծնվել է Տիգրան Փոլատը՝ հայ գեղանկարիչ, գրաֆիկ:

-1898 թ. մարտի 23-ին մահացել է Տիգրան Չուխաճյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր (ծնվ.՝ 1837 թ.):

-1923 թ. մարտի 23-ին մահացել է Հովհաննես Թումանյանը՝ հայ մեծ գրող, բանաստեղծ (ծնվ.՝ 1869 թ.):

-2009 թ. մարտի 23-ին մահացել է Ղուկաս Չուբարյանը՝ հայ քանդակագործ (ծնվ.՝ 1923 թ., Երեւան):

-2016 թ. մարտի 23-ին մահացել է Գեղամ Գրիգորյանը՝ օպերային երգիչ:

-1801 թ. մարտի 23-ին Սանկտ Պետերբուրգում սպանվում է Պավել 1-ին ցարը:

-1891 թ. մարտի 23-ին Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվում է ցանց:

-1919 թ. մարտի 23-ին Միլանում լրագրող Բենիտո Մուսոլինին հիմնում է իր ֆաշիստական քաղաքական շարժումը:

-1910 թ. մարտի 23-ին ծնվել է Ակիրա Կուրոսավան՝ ճապոնացի նշանավոր ռեժիսոր (մահ.՝ 1998 թ.):

-1842 թ. մարտի 23-ին մահացել է Ստենդալը՝ ֆրանսիացի գրող (ծնվ.՝ 1783 թ.):

-1948 թ. մարտի 23-ին մահացել է Նիկոլայ Բերդյաեւը՝ ռուս փիլիսոփա, սոցիոլոգ:

-2011 թ. մարտի 23-ին մահացել է Էլիզաբեթ Թեյլորը՝ անգլ. դերասանուհի (ծնվ.՝ 1932 թ.):

Հետաքրքիր է իմանալ

Օպերա (իտալ.՝ opera աշխատանք, երկ, ստեղծագործություն)

Երաժշտադրամատիկ ստեղծագործության տեսակ՝ հիմնված խոսքի, բեմական շարժման եւ երաժշտության սինթեզի վրա։ Ի տարբերություն դրամատիկական թատրոնի, որտեղ երաժշտությունն իրականացնում է օժանդակ գործառույթ, օպերայում այն գործողության հիմնական կրողն է։ Օպերայի գրական հիմքը լիբրետոն է, ինքնօրինակ կամ հիմնված գրական ստեղծագործության վրա։ «Օպերա» պայմանական տերմինն ի հայտ է եկել ավելի ուշ, քան այն նշանակող ստեղծագործության տեսակը։ Առաջին անգամ այդ նշանակությամբ կիրառվել է 1639 թ., իսկ համընդհանուր կիրառման մեջ մտել է միայն 18-րդ եւ 19-րդ դարերի սահմանագծին։

Օպերայի հեռավոր նախորդը համարվում է հին հունական ողբերգությունը, որում երկխոսություններին հետեւում էին մեներգերն ու խմբերգերը եւ ավլոսի կամ կիֆարայի ուղեկցությամբ երգեցիկ ընթերցանությունը։ Էսքիլեսը, Սոփոկլեսը եւ Եվրիպիդեսը եղել են ոչ միայն պոետներ, այլեւ երաժիշտներ, սակայն Վերածննդի դարաշրջանի գիտնականներին նրանց ստեղծագործությունները հասել են միայն տեքստերի տեսքով, բացառությամբ Եվրիպիդեսի «Օրեստես» եւ «Իփիգենյան Ավլիսում» ողբերգությունների, որոնցից պահպանվել են երաժշտական ուղեկցության փոքր նմուշներ։ Սակայն տեքստերից եւս պարզ է դառնում, որ արդեն Եվրիպիդեսը, ի համեմատ խմբային համարների, ավելի մեծ նշանակություն է տալիս մենակատարների համարներին։

Պատմության մեջ առաջին օպերայի հեղինակը Ա. Հ. Յակոպո Պերին է:

Ա. Հ.

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում