Հասարակական

Ահարոն Խաչատրյանն ընտրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

3 րոպեի ընթերցում

Ահարոն Խաչատրյանն ընտրվեց  Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար

ԳԱՎԱՌ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստում համայնքի ղեկավար ընտրվեց Ահարոն Խաչատրյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ահարոն Խաչատրյանն ընտրվեց ավագանու անդամների 14 կողմ ձայնով։ Նրա օգտին քվեարկեցին «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները ներկայացնող ավագանու անդամները։

Վարդենիսի ավագանու 2022 թվականի մարտի 16-ի արտահերթ նիստին մասնակցում էին ավագանու 27 անդամներ, որոնցից 13-ը ներկայացնում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Դեմ քվեարկելով Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը՝ վերջիններս չմասնակցեցին օրակարգային հաջորդ հարցերի քննարկմանը եւ լքեցին նիստի սենյակը։

Օրակարգային երկրորդ հարցով որոշվեց համայնքի նորընտիր ղեկավարի երդմնակալության օրը, որը քվեարկության արդյունքներով՝ սահմանվեց 2022 թվականի մարտի 19-ին, Վարդենիսի համայնքապետարանում։

Օրակարգային երրորդ հարցը Վարդենիսի ավագանու հաջորդ արտահերթ նիստի օրը որոշելու հարցն էր։ Քվեարկության արդյունքներով՝ այն տեղի կունենա 2022 թվականի մարտի 28-ին։

«Հավատացնում եմ ձեզ, որ Վարդենիս խոշորացված համայնքի բնակչության համար մենք համատեղ ուժերով բերելու ենք համերաշխության եւ ծաղկման ժամանակաշրջան։ Մեր համայնքի առջեւ բազմաթիվ կնճռոտ խնդիրներ կան ծառացած, որոնք պահանջում են հրատապ ու անհետաձգելի լուծումեր։ Շնորհավորում եւ հաջողություններ եմ մաղթում բոլորիս այս պատասխանատու աշխատանքում»,-նիստը եզրափակեց համայնքի նորընտիր ղեկավար Ահարոն Խաչատրյանը։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ Վարդենիս խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները միասին՝ 14 մանդատ։

Վարդենիս համայնքի անդրանիկ նիստը հրավիրվել էր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, որտեղ համայնքի ղեկավար էր ընտրվել Ահարոն Խաչատրյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամները դատարանում վիճարկել էին ավագանու նիստի արդյունքները՝ խնդրելով այն ճանաչել ոչ իրավաչափ։ Դատարանը մասնակիորեն բավարարել էր հայցը, որից հետո Վարդենիս համայնքի «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքները ներկայացնող ավագանու անդամները 2022 թվականի մարտի 16-ին հրավիրեցին ավագանու արտահերթ նիստ եւ նորից Վարդենիս համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում