Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ. Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր են հնչեցվում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Տուժածներ չկան:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից էլ այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:
Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր: