Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են աղետի գոտու տնակների հիմնախնդրի կանոնակարգման հարցերը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը , որի օրակարգում աղետի գոտու տնակների հիմնախնդրի կանոնակարգման հարցերն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ:
Հանդիպման ժամանակ ներկայացվել են հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, տնակների և դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման արդյունքները: Նախանշվել են տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքների ազատման մասով նախնական մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց հիման վրա անհրաժեշտ ֆինանսական նախնական հաշվարկների հետ կապված հարցերը:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է խնդրի կանոնակարգման նպատակով ստեղծել իրավական հիմքեր, իրականացնել տնակների հեռացման՝ տարածքների ազատման, այդ տնակներում բնակվող ընտանիքների մասով վերաբնակեցման աշխատանքներ: Սկզբնական փուլում դիտարկվելու են պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակները: