Հասարակական

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է. Իրանի դեսպանության արձագանքը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն արձագանքել է Երևանի Կապույտ մզկիթ այցելած ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր իրանական ճարտարապետական կոթողն անվանել էին «ադրբեջանական հուշարձան»:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, դեսպանությունը «Թվիթեր»-ի իր էջում հայերեն, պարսկերեն և անգլերեն գրություններով հրապարակել է մզկիթի և այնտեղ պարսկերենով արված պատմական արձանագրությունների լուսանկարը: «Իրանական արվեստի խորհրդանիշը՝ կապույտ մզկիթը վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն գործել է՝ որպես Հայաստանում բնակվող մուսուլմանների աղոթատեղի և հավաքատեղի, ինչպես նաև զբոսաշրջային գրավչություն»,- նշվում է դեսպանության էջում անգլերենով արված գրառման մեջ:

Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է. «Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։

Բոլոր գրառումներում դեսպանությունը հատուկ նշել է Ադրբեջանում Իրանի դեսպանության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի էջերը:

«Եվրանեսթի» նիստերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած ադրբեջանցի պատգամավորների՝ իրանական մզկիթը ադրբեջանական անվանելու և ըստ էության իրանական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձի վերաբերյալ «Արմենպրես»-ը, մինչև Իրանի դեսպանության գրառումները, հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի դեսպանություն: Հարցման պատասխանը ստանալուն պես այն կներկայացնենք մեր ընթերցողներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում