Ըստ Պեսկովի՝ Ռուսաստան-Ուկրաինա դիվանագիտական հարաբերությունների խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին:
«Դա հավելյալ դժվարություններ, հավելյալ խնդիրներ կառաջացնի մեր երկրների փոխհարաբերությունների կարգավորման համար: Իսկ դրանք ինչ-որ մի օր պետք է կարգավորել», - ասել է Պեսկովը:
Վերջին օրերին իրավիճակը Դոնբասում գնալով սրվում էր: Փետրվարի 18-ին Ուկրաինայից իրենց անկախ հռչակած Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ղեկավարությունը ռազմական լարվածության սաստկացման պատճառով հայտարարեց բնակչությանը ժամանակավորապես Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջան տարհանելու մասին:
Փետրվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարեց, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ: