Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստի ժամանակ բարձրացվել է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցը. Մարիա Կարապետյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում բարձրացվել է հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ պատասխանելով հարցին արդյոք «Եվրանեսթ» ԽՎ-ի շրջանակում նախատեսվել է հայ ռազմագերիների և պահվող անձանց մասին օրակարգային հարց, բանաձև կամ որևէ որոշում:
««Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը նման ֆորմատ չի ենթադրում, բայց, միանշանակ, «Հարավային Կովկասում անվտանգությունը» օրակարգային հարցի քննարկման շրջանակներում պատգամավորներն այդ հարցը բարձրացրել են: Առհասարակ այս հանձնաժողովների նիստերը մեր խորհրդարանի նմանությամբ իրականացնում են նախագծերի նախնական քննարկում: Քաղաքական, էներգետիկ, անվտանգային և սոցիալական հանձնաժողովների բանաձևերը դեռևս սևագրի մակարդակում են, առայժմ քննարկվում են, բայց, շեշտեմ, որ սրանք հակամարտության համատեքստ չունեն»,- ասաց Կարապետյանը: